ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց պահուստային ֆոնդից ՀՀ քննչական կոմիտեին հատկացնել 200.0 մլն դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից, նախկինում նախատեսված հետաքննության ինստիտուտը այլևս չի գործում և նշված փոփոխությամբ պայմանավորված, մի շարք փոփոխություններ են կատարվել նաև առնչվող այլ իրավական ակտերում: ՀՀ քննչական կոմիտեի առկա հաստիքացուցակում կատարվել են փոփոխություններ և հետաքննության մարմինների աշխատակիցների՝ ՀՀ ոստիկանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ քրեակատարողական ծառայության, ՀՀ պաշտպանության նախարարության նշված՝ ընդհանուր առմամբ 210 հաստիքները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին:
Սրանով պայմանավորված՝ 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-184-Ն օրենքով փոփոխություն կատարվեց նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում, որով նախատեսվեց, որ հետաքննության մարմնի աշխատակիցները՝ ոստիկանության հետաքննության բաժնի, բաժանմունքի, խմբի տեսուչները, արտակարգ իրավիճակների նախարարության, ռազմական ոստիկանության, քրեակատարողական ծառայության հետաքննիչի պաշտոնի նշանակված անձինք, նշված ստորաբաժանումների ղեկավարները, որոնց զբաղեցրած հաստիքները 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու ուժով ենթակա են կրճատման և տեղափոխման քննչական կոմիտեի հաստիքացուցակ՝ որպես ինքնավար պաշտոն:
Կատարված փոփոխությունների արդյունքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաստիքացուցակից կրճատվել է թվով 39 հաստիք, ՀՀ ոստիկանությունից՝ 177 հաստիք, ՀՀ քրեակատարողական ծառայությունից՝ 13 հաստիք, ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ 33 հաստիք և ՀՀ քննչական կոմիտեի հաստիքների թիվն ավելացվել է 210 հաստիքով, իսկ ՀՀ դատախազության դատախազների թիվը 20-ով: Սրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ 197.8 մլն դրամ:
Նախագծով ակնկալվում է ՀՀ քննչական կոմիտեում ավելացվող հաստիքների համար կապահովվի աշխատավարձի վարձատրության գծով ծախսերի իրականացումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը