15 08 2022

Խոշոր պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Խոշոր պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Օգոստոսի 14-ին ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով  վերջին տվյալներով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

Զոհերի անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։

Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրում որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարել ողջ գիշեր։ Այս պահին էլ դեպքի վայրում աշխատում են թե՛ փրկարարներ, թե՛ կամավորներ։ Ընդհանուր առմամբ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։

ԱԻ նախարարը այսօր լրագրողներին հայտնել է, որ պայթյունի հետևանքով որոնվում է 15 քաղաքացի, իսկ Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է ստանալ 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։

Նշենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում գտնվող առևտրի կենտրոնները փակ են, այդ թվում՝ «Փեթակը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ