02 09 2022

Քեռու շուրջ 2մլն դրամը խաղացել, պարտվել է, հետո խաբել, թե դիմակավորված անձինք են գողացել

Քեռու շուրջ 2մլն դրամը խաղացել, պարտվել է, հետո խաբել, թե դիմակավորված անձինք են գողացել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի 33-ամյա բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 17-ին 33-ամյա տղամարդը գնումներ կատարելու նպատակով, իր մորեղբորից ստանալով 1.700.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, վերջինիս պատկանող ավտոմեքենայով միայնակ ուղևորվել է դեպի Երևան: Ճանապարհին նշված գումարից բջջային հեռախոսով կատարել է խաղադրույքներ և տանուլ տվել գումարի մի մասը:

Այնուհետև, գումարի կորստի իրական հանգամանքները թաքցնելու և մորեղբոր կշտամբանքներից խուսափելու նպատակով, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում տվել է հանցագործության դեպքի մասին սուտ տեղեկություն, որ նշված օրը երեք անձինք, դիմակավորված, ատրճանակի նմանվող առարկայով զինված, հարձակվել են իր վրա և պահանջել ու ստացել իր մոտ եղած ողջ գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով (որը համապատասխանում է 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ