Այս պահին որեւէ գործողություն անելը ամենավտանգավորն է, ուղղակի պետք է հանդարտեցնենք բնակչությանը, որ առավոտյան հասկանանք` ինչի հետ գործ ունենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող Արթուր Ղոջաբաղյանը:
«Ամենապահով տեղն ապաստարաններն է, մենք հայտարարություն ենք տարածել, որ մարդիկ ապաստարաններում մնան, քանի որ ավելի անվտանգ է, իսկ ճանապարհներին ավելի վտանգավոր է, խցանումներ կլինեն, ռազմական տեխնիկայի շարժերին կխանգարեն, այս պահին ամենասխալ բանը նման լուրեր տարածելն է, եւ քաղաքից դուրս գալը: Եթե որոշում լինի բնակչությանը տարհանել, նոր կզբաղվենք դրանով»,- ասել է նա:
Խոջաբաղյանը նշել է, որ իրենք հորդորել են բնակչությանը մնալ իրենց տեղերում, սնունդ ու ջուր կուտակել, քանի որ այս պահին դա ամենանվտանգն է:
Գորիսի անվտանգության խորհրդի համակարգողը նաև հայտնել է, որ հյուսիսային կողմում է լարված, այս պահին էլ լսվում են հրետակոծության ձայներ, իսկ Գորիսում այս պահին հանգիստ է, սակայն ժողովուրդն անհանգիստ է:
ՀՀ ՊՆ-ից էլ հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը