13 09 2022
Ադրբեջանի նկատմամբ պետք է անհապաղ պատժամիջոցներ նախապատրաստել․ԵԽ-ի պատգամավոր
Ադրբեջանի նկատմամբ պետք է անհապաղ նախապատրաստել պատժամիջոցների փաթեթ։ Եվրախորհրդարանի նիստում այսպիսի հայտարարություն արեց ԵԽ պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին։
Իր ելույթում պատգամավորը ներկայացրեց այս գիշեր Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կիրառել է ծանր հրետանի՝ այդ թվում թիրախավորելով խաղաղ բնակավայրերը։
Նա ասաց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել են առնվազն 48 զինվորական և 3 քաղաքացիական անձ։
«Ոչինչ չի կարող արդարացնել այս ագրեսիան։ Երկու տարի շարունակ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր է մշակում՝ այդ թվում ագրեսիա դրսևորելով երկրի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Բաքուն կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը։ Մեր հստակ դիրքորոշումը կարող է կանխել և դադարեցնել այս ագրեսիան, որն Ադրբեջանը պատրաստում է հայ ժողովրդի դեմ»,-հայտարարեց Բելամին։
Ֆրանսիացի պատգամավորը կարծում է, որ եվրոպական երկրները պետք է դադարեն նրանից գազ գնելով լեգիտիմացնել ալիևյան ռեժիմը։ Նրա խոսքով՝ պետք է շատ արագ նախապատրաստել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների արդյունավետ փաթեթը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ նիստ հրավիրել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը