Ապշեցուցիչ է, բայց նույնիսկ այսօր կան անձինք, որ աղանդավորական ֆանատիզմով շարունակում են կրկնել տխմարագույն «մանթրան»՝ «երեսուն տարի ոչինչ չանելու», «խեղճ հարիֆն ինչ աներ»-ի և, բանական մարդկանց նյարդահան արած, նմանօրինակ հանրահայտ ձևակերպումներով: Ասենք, այլ բան չէր էլ կարելի սպասել իրենց երևակայական «իրականության» մեջ ընկղմված, աղետաբեր Նիկոլին պաշտամունքի առարկա դարձրած անձանցից: Նրանց պարագայում իսկապես էլ գործ ունենք տոտալիտար աղանդի մոլեռանդ հետևորդների հիշեցնող, անգամ՝ նրանցից ավելի մոլեռանդ անձանց հետ:
Թեպետ, ինքը՝ կուռքը իր կռապաշտներից հեռու չէ ընկած: Հայաստանն ամենալկտի ձևով թշնամական ագրեսիայի է ենթարկվել, կա առնվազն 5 տասնյակ զոհ, խաղաղ բնակավայրերում՝ ավերածություններ, իսկ ինքը… էլի «խաղաղության օրակարգից» է բարբաջում: Լավ, մենք չենք, դուք եք, ի՞նչ բնորոշում կարելի է տալ նման մեկին, ի՞նչ գնահատական կարելի է տալ նման մեկի մտավոր և բարոյական պարունակությանը, եթե այդպիսին առհասարակ առկա է:
Ի դեպ, «երեսուն տարի բան չեն արել…» հիմարագույն «թեզի» բումերանգային տարբերակը: Ինչո՞ւ շատ հեռու գնալ: Տեսեք. 2020-ի նոյեմբերի 9-ի փաշինյանական կապիտուլյացիաից անգամ ամբողջ 2 տարի չի անցել: Ի՞նչ է արվել այդ 2 տարվա ընթացքում՝ իշխանությանը տզի նման կառչած ՔՊ-ական խմբի ու իրենց «խմբապետի» կողմից:
Որքան էլ որ ակնհայտ է, որ ոչի՛նչ չի արվել՝ Հայաստանի պաշտպանունակությունը, անվտանգությունն ապահովելու համար, թեթևակի թվարկենք, քանի որ այն, ինչ հիմա կատարվում է, նաև երկու տարվա «ոչնչիզմի» դաժան հետևանքն է:
Անցնող 2 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն զբաղվել է բացառապես իր իշխանությունը պահելու, իր անձնական անվտանգությունն ու իր ընտանիքի, իր «թիմի» անձնական բարեկեցությունն ապահովելու խնդիրներով:
Այդ ընթացքում թշնամին, ի դեմս ադրբեջանական հակահայ կազմավորման, շարունակել է ռազմական ագրեսիան՝ զավթելով ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 40 քառակուսի կիլոմետր տարածք:
Երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հանդիպել է իր սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ, բոլոր հանդիպումներում՝ նվաստացած, ծուռվիզ դիրքավորմամբ, քրտ նորանոր միակողմանի զիջումների վիճակ էր:
Երկու տարվա ընթացքում փաշինյանական իշխանությունը շարունակել է ադրբեջանական թուրքերին զիջել այնպիսի հենակետեր ու բարձունքներ, որոնք է՛լ ավելի խոցելի և անպաշտպան են դարձրել Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի տասնյակ ու տասնյակ բնակավայրեր:
Փաշինյանական իշխանության վերջին նվերը իրենց սիրելի ադրբեջանական թուրքերին Բերձորն էր, որից հետո թե՛ Արցախից մնացած մասը, թե՛ ՀՀ Սյունիքի մարզը դարձել են ավելի խոցելի:
Երկու տարվա ընթացքում փաշինյանական իշխանությունն անհեթեթություններ է հայտարարել «խաղաղության օրակարգի» վերաբերյալ, սպասարկել է ադրբեջանաթուրքական շահերը, բացել է Հայաստանի դռները ադրբեջանական թուրքերի ազատ տեղաշարժի համար, գործնականում հրաժարվել է Արցախի խնդրից ու Արցախի հայության իրավունքների պաշտպանությունից, հայտարարել է, թե՝ Տեղ գյուղից այն կողմ ադրբեջանական տարածքներ են, սիլի-բիլի է արել Էրդողանի ու Ալիևի հետ:
Երկու տարվա ընթացքում փաշինյանական իշխանությունը միմիայն ավելացրել է բացառապես իրենց պաշտոնները պահելու համար նախատեսված ոստիկանական ստորաբաժանումներն ու դրանց անձնակազմը, քաղաքական հետապնդումներ է իրականացրել ընդդիմադիրների դեմ, անդադար ստել է…
Գործնականում, եթե հակիրճ ամփոփելու լինենք, ապա երկու տարվա ընթացքում փաշինյանական խմբակը արել է ամեն ինչ, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը լիարժեք վստահ լինեն, որ կարող են ավարտին հասցնել իրենց ցեղասպանական ծրագրերը՝ ոչնչացնել Հայաստանն ու հայաթափել:
Հա, երկու տարվա ընթացքում փաշինյանական իշխանությունը նաև անհաշիվ ուրախ փառատոններ է անցկացրել, հավեսով գինի է խմել գինու փառատոններում, Մարսը հայ խոպանչիներով բնակեցնելու կատաղի ծրագրեր է մտմտացել ու ինչ-որ «բոմբ» արբանյակ է Երկրի ուղեծիր հասցրել:
Կարելի է չկասկածել, որ նիկոլապաշտներ կլինեն, որոնք արդեն պատրաստվում են մեկնել Մարս: Ասում են մերձնիկոլական մի հայտնի անձնավորության ավիաընկերությունն արդեն Մարսի տոմսեր է վաճառում:
Մենք, երևի, կրկեսի վերածելու Հայրենիք չունեինք, ուստի վերածեցինք ոչ միայն կրկեսի, այլև արնաթաթախ արենայի, որտեղ տոն են տալիս «քաղաքական» յալանչիները:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը