19 09 2022

Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մի շարք դպրոցներ կանցնեն հեռավար ուսուցման

Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մի շարք դպրոցներ կանցնեն հեռավար ուսուցման

Այսօրվանից Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի դպրոցները, որոնք Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված՝ դադարեցրել են ուսումնական գործընթացը, կվերսկսեն աշխատանքը։ Տրամադրված արձակուրդն ավարտվել է։ Այս մասին սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա պարզաբանել է, որ այն դպրոցներում, որտեղ անվտանգության հետ կապված խնդիրներ չկան, կկազմակերպվի սովորական, իսկ որոշ դպրոցներում՝ հեռավար ուսուցում։

«Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ դասեր տեղի կունենան 12 դպրոցներում։ Խոսքը հիմնականում Վարդենիսի դպրոցների մասին է։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի երեք դպրոցներում ուսուցումը կկազմակերպվի հեռավար, մյուսներում՝ սովորական ձեւով։

Սյունիքի մարզում միայն 5 դպրոցներում (հիմնականում Քաջարանում եւ մեկ դպրոց Կապանում) ուսուցումը կվերսկսվի սովորական ձեւով, այսինքն՝ առկա ուսուցում։

Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերում մինչդպրոցական կրթության հաստատություններ չեն գործում։ Սյունիքի մարզում նման հաստատություններ գործում են»,- ընդգծել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ լրացուցիչ որոշումներ կընդունվեն ամեն օր՝ ելնելով իրավիճակից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ