Թե Գեղարքունիքի, թե Սյունիքի, և թե Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի տնտեսությունը որքան վնաս է կրել՝ նկատի ունենալով, որ վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ և այլն:
«Ես այցելել եմ թե Վարդենիս, Սոթք, թե Ջերմուկ և այլ վայրեր, որպեսզի հասկանանք, թե ինչ ծրագրեր պետք է ներդնենք հիմա, որ կարողանանք վերաակտիվացնել տնտեսական կյանքը: Հիմա ուսումնասիրություններն ընթանում են: Այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ, եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է»,-ասաց Քերոբյանը:
Նախարարը նշեց, որ թշնամու ագրեսիայի հետևանքով խնդիրներ են առաջացել զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում:
«Բայց ոչ մի բնակավայր չենք կորցրել, և, կարելի է ասել, որ լուրջ մեծ, զգալի աշխատող բիզնես չի կորել: Նույնիսկ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է այդ տարածքում, աշխատում է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը