03 11 2022

44-օրյա պատերազմի դեմքերն ու դրվագները՝ «44-ի տղերքը» գրքում

44-օրյա պատերազմի դեմքերն ու դրվագները՝ «44-ի տղերքը» գրքում

44-օրյա պատերազմի դեմքերն ու դրվագները ականատեսի աչքերով «44-ի տղերքը» գրքում.  Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որի ժամանակ հեղինակ Դավիթ Թորոսյանը գրքի միջոցով ընթերցողին ներկայացրեց այն աշխատանքը, ապրումներն ու զգացողությունները, որոնք եղել են պատերազմի ամբողջ 44 օրերին:

Գրքում ներառված են ավելի քան 700 լուսանկար, 44 տեսանյութ և 10 պատմություն, որոնք արել է անձամբ հեղինակը.

«Ինչպես խոհարարներն են միշտ նշում, որ իրենց բաղադրատոմսերին ավելացնում են սեր ու ջերմություն, այնպես էլ ես եմ իմ տեսած պատմություններին ու դրվագներին այս գրքում տվել առանձնակի սեր, հոգատըարություն ու ջերմություն. Այստեղ այն ամենն է, ինչ ես տեսել ու զգացել եմ կռվի դաշտում»: 

Դավիթ Թորոսյանը նաև ընդգծում է՝ գրքում ամեն ինչ իրական է, չկան 2-րդ ձեռքից վերցված նկարներ կամ վերապատումներ.

«Ինչպես ասում են՝ սովորաբար հաղթանակը բազում տերեր ունի, պարտությունը՝ որբ է: Եվ եթե այդ տեսանկյունից նայենք՝ նորմալ է, որ պատերազմից հետո խոսակցություններ կան, «վերլուծություններ», բամբասանքներ, շահարկումներ, թե բանակը պարտվել է, բանակը լքեց և այլն... չեմ սիրում այդ ամենին անդրադառնալ: Այս գիրքն ուղղակի փաստավավերագրություն է մեր պատմության ողբերգական դրվագներից մեկի մասին: Գրքում այստեղից այնտեղից հավաքված բաներ չեն, այստեղ այն ամենն է, ինչ ռեալ է»:

Գիրք հրատարակելու գաղափար եղել է դեռևս պատերազմի ընթացքում, բայց այլ ֆորմատ էր մտածված, պատերազմի ելքով պայմանավորված որոշվեց, որ պետք է լինի մեկ ամբողջական գիրք.

«Նպատակ կար ամեն ամսվա վերջին հրապարակել նախորդ ամսվա լավագույն նկարները, բայց քանի որ կռիվը վերջացավ կամ հերթական անգամ ժամանակավորապես կանգ առավ, որոշվեց, որ այդ տարբերակն իմաստ չունի և պետք է ամբողջը հրապարակել մեկ գրքում»:

Նշենք, որ գրքի շնորհանդեսին ներկա էին ոչ միայն տարբեր հասարակական ու քաղաքական գործիչներ, ընկերներ, այլ նաև գրքի հերոսները, ովքեր ողջ են և անմահացած հերոսների ընտանիքի անդամներն ու հարազատները, ովքեր բարձր են գնահատում իրենց զավակներին ևս մեկ անգամ հիշելու և անմահացնելու գաղափարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ