28 12 2022

19-ամյա Հենրիկ Հարությունյանը զոհվել է Իշխանասարում՝ վիրավոր ընկերներին փրկելիս. News.am

19-ամյա Հենրիկ Հարությունյանը զոհվել է Իշխանասարում՝ վիրավոր ընկերներին փրկելիս. News.am

News.am-ը գրում է.

Իշխանասարի դիրքերից մեկն այժմ կրում է կապավոր Հենրիկ Հարությունյանի անունը։ Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժելու հետեւանքով, վիրավոր ընկերոջը փրկելիս, թշնամու կրակոցից զոհվել է Հենրիկը։

Նա Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր։ Հենրիկը դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել էր Մարտունու պետական քոլեջ, որտեղ իր գիտելիքներով եւ համեստությամբ վայելել է բոլորի սերն ու հարգանքը: Քոլեջը կարմիր  դիպլոմով ավարտելուց հետո նա ընդունվել է Ճարտարագիտական համալսարան։

«Կյանքով լեցուն, բանիմաց, աշխատասեր, աչքի էր ընկնում իր հարուստ գիտելիքներով, մարդկային բարձր արժեքներով»,– Գենայի (ընտանիքում այդպես էին նրան դիմում, խմբ.) մասին հիշողություններով կիսվում է նրա հորեղբայրը՝ Տիգրան Սահակյանը։

Հենրիկը 2021-ի հուլիսի 11-ին էր զորակոչվել բանակ, 6 ամիս կապի ուսումնական զորամասում ծառայելուց հետո՝ որպես կապավոր տեղափոխվել է այլ զորամաս։

Մարտական պատրաստությունից գերազանց առաջադիմության համար Հենրիկն արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանը։

Դիրքերում եւ զորամասում միշտ ապահովելով անխափան կապ` հայտնի է եղել որպես կապի Հենո: Նա 2022թ-ի սեպտեմբերի 10-ին  ՀՀ  ԶՈՒ կապի զորքերի կազմավորման  30-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ  գեներալ –մայոր  Էդվարդ  Ասրյանի  կողմից արժանացել է պատվոգրի:

Հարազատների խոսքով՝ ազատագրելով բարձունքը, որն ապահովում էր Իշխանասարի գլխավոր ճանապարհը, Հենրիկը շրջափակումից դուրս է բերել բազմաթիվ զինվորների:

Չվախենալով թշնամու կրակից` նա գիտակցաբար նետվել է մարտադաշտ` դուրս բերելու վիրավոր ընկերներին եւ զոհված զինծառայակիցների աճյունները։ 

Հենրիկը զոհվել է սեպտեմբերի 14-ին, մարտադաշտից վիրավոր ընկերոջը դուրս բերելիս։ Նրա զոհվելուց հետո մարտական հենակետն ու բարձունքը  անվանակոչվել է հերոս կապի Հենոյի անվամբ:

Դեկտեմբերի 15–ին Հենրիկի 20–ամյակն էր։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ