29 12 2022

Արցախի կառավարության որոշում է ընդունել հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության վերաբերյալ

Արցախի կառավարության որոշում է ընդունել հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության վերաբերյալ

 Արցախի տեղեկատվական շտաբի կողմից երեկ հրապարակված`  «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու մասին հայտարարության հիման վրա ընդունվել  է Արցախի Հանրապետության կառավարության որոշում: Այս մասին հայտնում են ԱՀ կառավարությունից։

Որոշումը ներկայացվում է ստորև.

«Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները:

Սակայն հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Կառավարությունը, ընկերության ղեկավարության հետ նաև պատրաստակամություն է հայտնում ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը։

Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:

Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ