13 03 2023

700 տոննա թունաքիմիկատ թույլ չեն տալիս ներմուծել․ ներկրողները հայտնվել են ցայտնոտային վիճակում



Պարարտանյութեր, թունաքիմիկատներ ներկրող մի շարք կազմակերպություններ այսօր՝ մարտի 13-ին, բողոքի ակցիա են կազմակերպել ՍԱՏՄ շենքի դիմաց, նրանք բողոքում են, որ արգելվել է որոշակի ագրոքիմիկատների և պեստիցիդների ներկրումը Հայաստան և ներկրող կազմակերպությունները հայտնվել են անելանելի իրավիճակում:

Ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես ներկայացնում եմ թունաքիմիկատ ներկրողներին, որոնք տասնյակից ավելի են; Ագրոքիմիկատներ և պեստիցիդներ ներկրողները հայտնվել են ցայտնոտային վիճակում, երբ իրենց արտադրանքը մի ժամանակ թույլատրվում էր ներմուծել, իսկ ներկայումս՝  ոչ: Որևէ նորմատիվ իրավական ակտ չփոփոխելով չի թույլատրվում ներկրել: Պատճառաբանվում է, որ 2022-ի նոյեմբերի 28-ին ՍԱՏՄ նախագահի կողմից որոշում է կայացվել, որով թունաքիմիկատների և պեստիցիդների հետ կապված  սյունակներ են ավելացրել արտադրող երկիր և կազմակերպություն, սակայն որևէ հիմնավորում չկա արտադրող երկրի մասով: Արտադրող երկիր հասկացությունը որևէ իրավական ակտում նշված չէ, և  այդ առումով այդ որոշումը հակասում է Սահմանադրությանը և հակասում է Բուսասանիտարիայի մասին օրենքին: Օրենքը սահմանում է ոչ թե արտադրող, այլ գրանցող երկիր»,-ասաց նա։

Ըստ ներկրորղների ներկայցուցչի ընկերությունների համար ոորշումն անկանխատեսելի է եղել, որևէ քննարկում չի եղել նախքան ընդունումը:

«Քանի որ խնդիրը հրատապ լուծում է պահանջում, փորձել ենք դիմել  կառավարություն, սակայն խնդիրը լուծում չի ստացել: Բանավոր խոսքում ասել են, որ իրենք էլ են համաձայն, որ կա խնդիր, որը պետք է լուծվի, սակայն դեկտեմբերից մինչ օրս լուծում չի ստացել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ ծավալի պարարտանյութ կա մաքսային պահեստներում, որ հնարավոր չի լինում մաքսազերծել, ներկայացուցիչը պատասխանեց, որ խոսքը մոտ 700 տոննայի մասին է, որոնք գյուղատնտեսական թունաքիմիկատներ են։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ