20 06 2023

Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են արվել



«ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխությունները, որոնց հիմնական նպատակն է առավել բարենպաստ պայմաններ ապահովել շահառուների համար»,-հրավիրված ասուլիսիս ժամանակ ասաց ԱՍՀՆ կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։

Խոսելով փոփոխություններից նա մասնավորեցրեց․

- հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թ․ հուլիսի 1-ը՝ անկախ նրանից, թե այն երբ է տրամադրվել շահառուներին,

- ծրագրին առցանց դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը,

- նվազեցվել է պահանջվող կանխավճարի չափը՝ 5 տոկոսից դառնալով 2,5 տոկոս, իսկ առնվազն 4 անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև բացառապես կենսաթոշակային տարիքի շահառուներից կազմված ընտանիքների համար՝ 1 տոկոս,

- ուժը կորցրած է ճանաչվել այն պայմանը, համաձայն որի՝ շահառուի դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում ձեռք բերվող անշարժ գույքը չպետք է օտարված լինի,

- սահմանվել են արտոնություններ այն ընտանիքների համար, ովքեր հավաստագրի միջոցով անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն այն գյուղական ոչ սահմանամերձ բնակավայրերում, որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում արդեն իսկ կառուցված են և/կամ ներկայումս հիմնանորոգվում կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ։ Այս դեպքում աջակցության չափը կկազմի 12 մլն դրամ՝ նախկին 10 մլն դրամի փոխարեն (ՀՀ առանձին գյուղական բնակավայրերի ցանկն՝ այստեղ)

- հստակեցվում է, որ ծնողների հետ միևնույն հասցեում բնակված՝ ամուսնացած կամ ամուսնալուծված զավակի ընտանիքը որպես առանձին շահառու կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե այդ ընտանիքին սեփականության իրավունքով պատկանել է մեկ այլ բնակելի անշարժ գույք Արցախի Հանրապետության այն շրջանում, որտեղ բնակվել է այդ ընտանիքը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ