11 08 2023

Կառավարությունը 3 հողամաս գերակա շահ կճանաչի՝ արձանի ինստալացիա տեղադրելու համար

Կառավարությունը 3 հողամաս գերակա շահ կճանաչի՝ արձանի ինստալացիա տեղադրելու համար

 

Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիտի օրակարգում նախագիծ է ներառված, որով նախատեսվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Աշխատանքի» հրապարակում քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ հան­րու­թյան գերակա շահ ճանաչել։

Խոսքը վերաբերում է Բագրատունյաց փողոց 59/3, 59/4, Թամանցիների փողոց 53/2 հասցեներին։

Բանն այն է, որ կառավարությունը որոշել է «Աշխատանքի» հրապարակում գտնվող Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի ինստալացիա տեղադրել և վերականգնել դրա պատմական միջավայրը։

Տարածքի բարեկարգումից հետո  ըստ առաջարկվող տարբերակի՝ այն պետք է վերականգնվի որպես արվեստի օբյեկտ՝ ինստալյացիա, ժամանակակից մոտեցմամբ, որն իրենով կխորհրդանշի վանդալիզմի դեմ պայքարը: Ինստալյացիան ցույց կտա պատմության մի մասը, և ժամանակակից տեխնոլոգիաները պատկերացում կտան՝ ինչպիսին էր արձանը այն ժամանակ և ինչքանով է պահպանվել: Արդյունքում Երևան քաղաքը կունենա մշակութային ժառանգության պահպանություն, արդյունավետ կառավարում և նոր բարեկարգված  տարածք։

Նշենք, որ «Փառք աշխատանքին» քանդակն առավել հայտնի է «Բանվորի արձան» անունով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ