12 08 2023

Հորդորում ենք բոլոր հիմնական դերակատարներին չսպասել լայնածավալ ողբերգությունների․ ԱՀ նախագահ

Հորդորում ենք բոլոր հիմնական դերակատարներին չսպասել լայնածավալ ողբերգությունների․ ԱՀ նախագահ

Մենք հորդորում և պահանջում ենք բոլոր հիմնական դերակատարներից չհապաղել և չսպասել ավելի լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական ու արդյունավետ քայլերի՝ այս ցեղասպանության հետագա ընթացքը կասեցնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արային Հարությունյանը։ 
«Հարգելի՛ հայրենակիցներ,

Վերջին օրերին նկատվում է Արցախի հարցի հանդեպ միջազգային ուշադրության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման նշանակալի աճ: Մասնավորապես՝

  • Ողջունելի է, որ, հաշվի առնելով նաև Արցախի Հանրապետության իշխանությունների հորդորները, Հայաստանի Հանրապետությունը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ԱԽ արտահերթ նիստ գումարելու հայցով: Կարևոր է, որ նամակում պաշտոնապես ընդգծվում է նաև ցեղասպանության կանխարգելման նպատակը:
  • Ողջունելի է նաև ՄԱԿ-ի մի խումբ փորձագետների հայտարարությունը, որով ընդգծում են Լաչինի միջանցքի բացման և բոլոր անհատների անվտանգության, արժանապատվության ու բարօրության ապահովման հրատապ անհրաժեշտությունը:
  • Ակնհայտ է, որ միջազգային հանրությանն ուղղված իմ վերջին ուղերձը և Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցը մեծ արձագանք են գտել միջազգային լրատվամիջոցներում: Արդյունքում, տասնյակ առաջատար լրատվամիջոցներ անդրադարձել են առկա իրավիճակին և ներկայացրել Արցախի իշխանությունների ու առաջատար փորձագետների գնահատականներն ու կոչերը ընթացող ցեղասպանության վերաբերյալ:
  • Կարևոր փորձագիտական կարծիք ու հորդոր էր պարունակում նաև հայտնի ցեղասպանագետների հայտարարությունը, որը շեշտադրում է անհապաղ և վճռական գործողությունների անհրաժեշտությունը՝ կանխելու ցեղասպանությունը Արցախի ժողովրդի հանդեպ:

Իհարկե, այս և ավելի վաղ օրերին արվել են նաև այլ հայտարարություններ մի շարք միջազգային կազմակերպությունների ու պետությունների ներկայացուցիչների կողմից, որոնցում տեսանելիորեն աճում է միջազգային գործնական քայլերի կատարման հրատապության ընկալումը: Անշուշտ, ժամանակը շատ կարևոր է մեր ժողովրդի համար, և հապաղումն արժենում է մարդկային կյանքեր ու տառապանքներ:

Մենք հորդորում և պահանջում ենք բոլոր հիմնական դերակատարներից չհապաղել և չսպասել ավելի լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական ու արդյունավետ քայլերի՝ այս ցեղասպանության հետագա ընթացքը կասեցնելու համար», - գրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ