03 09 2023

Ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» ավիաբազա վերջին օրերին ակտիվացել են

Ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» ավիաբազա վերջին օրերին ակտիվացել են

 Ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» ավիաբազա վերջին օրերին ակտիվացել են, գրել է «Հետքը»։

Սա պետք է գրավի Հայաստանի համապատասխան մարմինների ուշադրությունը, քանզի «Օվդան» Իսրայելի միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով արտահանվում է պայթուցիկ ռազմամթերք:

2016 թվականից մինչեւ 2023 թ. մարտ ադրբեջանական բեռնատարները առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել «Օվդայում», ապա ուղղություն վերցրել դեպի Ադրբեջան: Վերջին տարիներին Իսրայելն այդ երկրի գլխավոր ռազմական մատակարարն է: 2023 թ. ապրիլ-հունիս ամիսներին տեղի է ունեցել եւս 4 թռիչք դեպի «Օվդա»: 

Թռիչքներն իրականացրել են ադրբեջանական «Silk Way Airlines» ավիաընկերության բեռնատար օդանավերը։

 «Silk Way Airlines»-ի Բաքու-«Օվդա» չվերթերը համարակալվում են ZP 4611, իսկ «Օվդա»-Բաքուն (հետադարձ)՝ ZP 4612: Սակայն սրանք Ադրբեջանը իսրայելական այս ավիաբազային կապող միակ չվերթերը չեն, ինչը նշանակում է, որ թռիչքների՝ անցյալ անգամ մեր նշած 96 թիվն իրականում ավելի մեծ է եղել:

Թռիչքները դեպի «Օվդա» հաճախակիացել են այն ժամանակ, երբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախում կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին:

Եվ ահա սեպտեմբերի 1-ին Սոթքի հատվածում Ադրբեջանի հերթական սադրանքի ֆոնին թռիչքները դեպի պայթուցիկ սպառազինության մատակարար «Օվդա» կրկին ակտիվացել են: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմն ունեցավ 3 զոհ եւ 2 վիրավոր:

Ուսումնասիրելով «Silk Way Airlines»-ի թռիչքները դեպի «Օվդա»՝ տեսնում ենք, որ օգոստոս-սեպտեմբերին դրանք հաճախակիացել են, ինչը, դատելով նախորդ փորձից, պետք է «կարմիր լույս» վառի ՀՀ պատկան կառույցների առաջ:

Այսպիսով՝ միայն օգոստոս-սեպտեմբերին, իսկ ավելի կոնկրետ՝ վերջին 3 շաբաթում, ադրբեջանական ավիաընկերության բեռնատարներից մեկը՝ 4K-AZ40 գրանցումով «Իլ-76ՏԴ»-ն, 4 անգամ վայրէջք է կատարել «Օվդայում»:  

Ահա վիճակագրությունը:

15.08.2023 – Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
29.08.2023 - Բաքու-«Օվդա» (ZP 4631), «Օվդա»-Բաքու (ZP 4632)
01.09.2023 - Բաքու-«Օվդա» (ZP 4641), «Օվդա»-Գյանջա (ZP 4642)
02.09.2023 - Գյանջա-«Օվդա» (ZP 4651), «Օվդա»-Գյանջա (ZP 4652), Գյանջա-Բաքու (ZP 4652)

Սա թույլ է տալիս ասել, որ վերջին օրերին Ադրբեջանը պայթուցիկ ռազմամթերք է տեղափոխել ոչ միայն Բաքու, այլեւ հայ-ադրբեջանական առաջնագծին ու Արցախին շատ ավելի մոտ կետ՝ Գյանջա, ինչն ուշադրության արժանի հանգամանք է:

Նկատենք նաեւ, որ «Իլ-76ՏԴ»-ի բեռնատարողությունը 50 տոննա է:

Այսպիսով՝ միայն 2023 թվականին «Silk Way Airlines»-ի օդանավերը հասցրել են 11 անգամ վայրէջք կատարել «Օվդայում», որից հետո վերադարձել են Բաքու կամ Գյանջա:

Սրան զուգահեռ շարունակվում են ադրբեջանական օպերատորի «դուստր» ընկերության՝ «Silk Way West Airlines»-ի ամերիկյան «Boeing 747» տիպի բեռնատարների ամենշաբաթյա չվերթերը Բաքու-Թել Ավիվ-Բաքու ուղղությամբ:

Հատկանշական է նաեւ, որ վերոնշյալ 4K-AZ40-ը օգոստոսի 12-ին եւ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Բաքվից թռել է չեխական Բռնո քաղաք, որը հայտնի է, մասնավորապես, հրաձգային սպառազինության արտադրանքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ