23 11 2023

Ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրման ժամկետը փոփոխվել է

Ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրման ժամկետը փոփոխվել է

Կառավարության  հաստատմանն Առողջապահության նախարարությունը որոշման նախագիծ է ներկայացրել , որով նախատեսվում է Պատվաստումների ազգային օրացույցում փոփոխություն անել. գերատեսչությունը մանրակրկիտ հիմնավորում է ներկայացրել, որում մասնավորապես գրված է.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ընդունել է Պատվաստումների ազգային օրացույցում նոր պատվաստանյութերի ներդրման ռազմավարություն: Ի սկզբանե Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2129-Ն որոշմամբ նախատեսվում էր ապահովել Պատվաստումների ազգային օրացույցում 2022 թվականից ջրծաղիկի դեմ պատվաստումների փուլային ներդրումը: Սակայն, նոր պատվաստանյութերի ներդրումը, բացի պատվաստանյութերի ձեռքբերման խնդիրներից, պահանջում է նաև բնակչությանն ուղղված սոցիալական մոբիլիզացման, բուժաշխատողների վերապատրաստման, ծրագրի կառավարման, ինչպես նաև սառցային շղթայի նոր սարքավորումների ներդրման նշանակալի նախապատրաստական աշխատանքներ: Սակայն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, դիտվել է առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածություն, որի պայմաններում հնարավոր չէր լիարժեք իրականացնել ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ: Ուստի, ՀՀ կառավարության 29.12.22թ. N 2063-Ն որոշմամբ ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրման ժամկետը փոփոխվել է և նախատեսվում է ներդրումն իրականացնել 2024 թվականից:

Ներկայում, Պատվաստումների ազգային օրացույցում ջրծաղիկի դեմ պատվաստումների փուլային ներդրման ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են նախապատրաստական միջոցառումներ, մասնավորապես՝ համաձայն Առողջապահության նախարարի 2023 թվականի մարտի 01-ի N 970-Ա հրամանով հաստատվել է «Ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրման նախապատրաստական միջոցառումների ցանկը»:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարության՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված արտակարգ իրավիճակն ավարտվել է, դադարեցվել են սահմանափակման միջոցառումները, քանի որ երկրագնդի բնակչության մեծամասնությունը (90%) ձեռք է բերել հետվարակային, հետպատվաստումային և հիբրիդային անընկալություն (հետվարակային և հետպատվաստումային), բայց համավարակը դեռ շարունակվում է: Շարունակվում է նաև COVID-19 վիրուսի մուտացիոն գործընթացը, որի արդյունքում բարձրանում է ռիսկի խմբերում հիվանդության ծանր ձևերի ու մահվան դեպքերի առաջացման հավանականությունը։ Այս համատեքստում ԱՀԿ-ն առաջարկում է COVID-19-ի դեմ պատվաստումների իրականացման նոր ճանապարհային քարտեզ, մասնավորապես՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առաջնահերթության, COVID-19 պատվաստանյութերի գլոբալ ազդեցության օպտիմալացված մոտեցումներով՝ հիմնված հանրային առողջության նպատակների, գլոբալ և ազգային հավասարության, պատվաստանյութերի հասանելիության և ընդգրկվածության սցենարների վրա: Ուստի անհրաժեշտություն է առաջացել COVID-19-ի դեմ պատվաստումները ներառել Պատվաստումների ազգային օրացույցում՝ ռիսկի խմբերի շրջանում: Հանրապետությունում կիրառվող  COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ձեռք են բերվել ինչպես պետության կողմից, այնպես էլ ստացվել են որպես նվիրատվություն: Հարկ է նշել, որ ԱՀԿ-ի կողմից COVID-19-ի դեմ պատվաստումների ինտեգրումը իմունականխարգելման ծրագրերում հրապարակվել է 2023 թվականի փետրվարի 21-ին (https://www.who.int/publications/i/item/9789240064454), հաջորդիվ ուսումնասիրվել է այլ երկրների փորձը, որը 16.06.2023թ. քննարկվել է Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N1110-Ա հրամանով ստեղծված Հայաստանի Հանրապետության իմունականխարգելման ազգային փորձագիտական խորհրդատվական խմբի կողմից (այսուհետ՝ խորհրդատվական խումբ), որպես՝ իմունականխարգելման ոլորտի անկախ փորձագիտական խորհրդատվական մարմին: Այնուհետև, խորհրդատվական խմբի կողմից ներկայացված առաջարկների ամփոփումից հետո, մշակվել և շրջանառության մեջ է դրվել Պատվաստումների ազգային օրացույցի սույն փոփոխությունը, երբ ՄԺԾԾ-ի (միջնաժամկետ ծախսերի ծրագիր) նախագիծն արդեն մշակվել և ներկայացվել էր հաստատման: Հիմք ընդունելով վերոհիշյալը, նախատեսվում է փոփոխություններ իրականացնել 2024 թվականի բյուջետային հայտում:

Միաժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստանյութերի պաշտոնական դիրքորոշման մեջ կատարվել են փոփոխություններ, որը հրապարակվել է 2022 թվականի հոկտեմբերի 7-ին: Վերջինս փոխարինում է 2012 թվականին հրապարակված ԱՀԿ-ի վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստանյութերի պաշտոնական դիրքորոշմանը: Հարկ է նշել, որ հեպատիտ Ա-ի դեմ պատվաստանյութերի ԱՀԿ-ի առաջին պաշտոնական դիրքորոշումը հրապարակվել է 2000թ., որից հետո մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել հեպատիտ Ա-ի վիրուսով վարակվածության, համաճարակաբանության գործընթացներում և առանձնահատկություններում, ի հայտ են եկել նոր ապացույցներ հեպատիտ Ա-ի դեմ պատվաստանյութերի հանրային առողջության վրա ազդեցության, օգուտների և երկարաժամկետ պաշտպանություն առաջացնելու ներուժի վերաբերյալ: Հիմք ընդունելով վերոհիշյալը՝ ԱՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը պարբերաբար թարմացվում է: Համաձայն, ԱՀԿ-ի վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստանյութերի 2022 թվականի հոկտեմբերի 7-ին հրապարակված պաշտոնական դիրքորոշման, երեխաների շրջանում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ ինակտիվացված պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել մեկ կամ երկու դեղաչափ սխեմայով: Պատվաստանյութի արդյունավետության, հակամարմինների կայունության և երկարաժամկետ պաշտպանության մոդելավորման վերաբերյալ տվյալները ցույց են տալիս, որ մեկ դեղաչափ սխեման երեխաների մոտ համարժեք է երկու դեղաչափ սխեմային: 40 տարեկանից բարձր անձանց համար առաջարկվում է 2 դեղաչափ սխեմա, քանի որ այս տարիքային խմբում բավարար ապացույցներ չկան մեկ դեղաչափից հետո իմունոգենության և երկարաժամկետ պաշտպանության վերաբերյալ (հղում՝ https://www.who.int/teams/immunization-vaccines-and-biologicals/policies/position-papers/hepatitis-a): Հարկ է նշել նաև, որ Հայաստանում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումները նախատեսված են 15-16 տարեկան նախազորակոչային տարիքի անձանց համար, որոնց թվաքանակը վերջին տարիներին աճման միտումներ է դրսևորում, մասնավորապես՝ ըստ վարչական վիճակագրական կոմիտեի ժողովրդագրական տվյալների բազայի տեղեկատվության, 2019 թվականին 15 տարեկան տղաների թիվը եղել է 19054, իսկ 16 տարեկաններինը՝ 17398, 2023 թվականի հունվարի դրությամբ 15 տարեկանների թիվը եղել է 21037, իսկ 16 տարեկաններինը՝ 20158: Հետևաբար, հաշվի առնելով ԱՀԿ-ի առաջարկությունը և վերջինիս ծախսարդյունավետությունը, առաջարկվում է կատարելու համապատասխան փոփոխություններ Պատվաստումների ազգային օրացույցում և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումների իրականացնել 1 դեղաչափ սխեմայով: Հարկ է նշել նաև, որ Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված է վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստման ենթակա երկու տարիքային խումբ՝ 15-16 տարեկան, 2 դեղաչափ սխեմայով, սակայն փաստացի պատվաստումներն իրականացվում են մեկ տարիքային խումբ ընդգրկելով՝ պայմանավորված առկա ենթակա քանակակազմով և պատվաստանյութի քանակով: Այս փոփոխությունը հնարավորություն կտա վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներում ընդգրկել երկու տարիքային խումբը միաժամանակ համաձայն Պատվաստումների ազգային օրացույցի:

 Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախատեսվում է Պատվաստումների ազգային օրացույցում կատարել համապատասխան փոփոխություններ և ջրծաղկի դեմ պատվաստումները ներդնել Պատվաստումների ազգային օրացույցում՝ սահմանված ժամկետներում, COVID-19-ի դեմ պատվաստումները՝ ռիսկի խմբերի շրջանում, ինչպես նաև վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներն իրականացնել 1 դեղաչափ սխեմայով:

  1. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է՝ Պատվաստումների ազգային օրացույցում ջրծաղկի դեմ պատվաստումների փուլային ներդրում՝ 2024 թվականից, COVID-19-ի դեմ պատվաստումները՝ ռիսկի խմբերի շրջանում,  ինչպես նաև վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներն իրականացնել 1 դեղաչափ սխեմայով:

Սույն նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելված 1-ի 17-րդ կետի 17.5-րդ ենթակետից: Պատվաստումների ազգային օրացույցում ջրծաղկի, ինչպես նաև COVID-19-ի դեմ պատվաստումների ներդրումը կնպաստի բնակչության շրջանում ջրծաղիկի, ռիսկի խմբերի շրջանում COVID-19-ի հիվանդացության նվազեցմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և բնակչության անընկալության ապահովմանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ