«Բերձորում (Լաչին), ինչպես ասվում է այդ շրջանում Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցչի հայտարարության մեջ, «մեծ վերադարձը» փակուղի է մտել»,- գրում է «Ինֆոտեկա24»-ը:
Պետական պաշտոնյան գործարարներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ Լաչինում աշխատատեղերի ստեղծմանը, քանի որ մարդկանց զբաղվածության հարցն ավելի հեշտ է լուծել մասնավոր և պետական հատվածների համագործակցությամբ: Նրա խոսքով, որքան արդյունավետ լինի այդ համագործակցությունը, այնքան արագ հնարավոր կլինի լուծել Բերձորի շրջանում քաղաքացիների աշխատանքի տեղավորման հարցը: Նա փաստացի ընդունում է, որ մարդիկ աշխատանք չունեն, իսկ պետությունը չի հաղթահարում «հարկադրված տեղահանվածների» խնդիրները: Քարոզչությունը՝ քարոզչություն, ցուցամոլությունը՝ ցուցամոլություն, իսկ մարդկանց ապրուստի միջոցներ են պետք։ Ուստի Իլհամ Ալիևը դիմում է մասնավոր բիզնեսին: Բերձորի միջանցքում իրականում ոչ մի կտոր ազատ հող, անտառ, արոտավայր չկա։ Որտեղ և ինչպես ներդնել, իրոք, ոչ ոք չգիտի:
Ամենայն հավանականությամբ, տեղահանվածների շրջանում բողոքի տրամադրություններ են հասունանում: Կարելի է ակնկալել գործարարների հարկադիր վերաբնակեցում Բերձորում և այլ գրավյալ տարածքներում։ Արդյո՞ք Ադրբեջանում կսկսվի Բերձորի և այլ «ազատագրված» շրջանների բնակիչների կուլակաթափությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը