14 12 2023

Իշխանությունը դեռ պետք է սահմանի, թե՝ ինչ է նշանակում քարտեզ

Իշխանությունը դեռ պետք է սահմանի, թե՝ ինչ է նշանակում քարտեզ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։

ՀՀ արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը, որը ներկայացնում էր նախագիծը, ասաց, թե աշխատակարգի ընդունման արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների անդամներին հնարավորություն է ընձեռնվում  նիստերի անցկացման ու համատեղ աշխատանքների իրականացման միջոցով ստեղծել հիմքեր սահմանազատման ու սահմանագծման գործընթացների, դրանց իրավական ու տեխնկական ասպեկտների մշակման համար՝ հետագայում երկու պետությունների միջև պետական սահմանի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ մշակելու ու ստորագրելու նպատակով։

«Նիստերի անցկացման ժամը, ամսաթիվը եւ վայրը որոշվում են հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ: Նիստերը, որպես կանոն անցկացվում են հաջորդաբար Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում կամ երկու երկրների սահմանին, կամ 3–րդ երկրների տարածքում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով։ Եթե անցկացվում են երկրներից մեկի տարածքում, ընդունող կողմը ստեղծում է դրա համար բոլոր պայմանները, այդ թվում երաշխավորում է մասնակիցների անվտանգությունը»,– ընդգծեց փոխնախարարը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, թե այս փաստաթուղթը այս պահին կարգավորում է կազմակերպչական հարցեր, թե ինչպես են հարաբերվելու երկու կողմերը։

«Հաջորդ փուլում պետք է մշակենք մեկ այլ կանոնակարգ, նորից կքննարկենք, հետո իրավական ակտի տեսք կտանք, որն արդեն ավելի  բովանդակային կլինի, որովհետեւ դրանով արդեն պետք է նկարագրենք մեթոդաբանությունն ու սահմանումներ պետք է տանք, թե ինչ ենք հասկանում քարտեզի սահմանման տակ, ինչը գերկարևոր է ու ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ։ Կարծում եմ՝ այդ մեթոդաբանությունը համաձայնեցնելուց հետո, աշխատանքները կշարունակենք կոնկրետ փաստաթղթերով ու տոպոգրաֆիկ քարտեզների քննարկման ձևաչափով»,- մանրամասնեց Մհեր Գրիգորյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ