07 06 2024

Նոր մանրամասներ՝ պայթյունից տուժածների առողջական վիճակից

Նոր մանրամասներ՝ պայթյունից տուժածների առողջական վիճակից

Երեկ գազալցակայի պայթյունի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու տուժածներն ունեն մարմնի մակերեսի 60 տոկոսի այրվածք, այդ թվում, թոքային հյուսվածքի վնասում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։

«Նրանք ունեն 3-4-րդ աստիճանի այրվածքների խորություն: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքի պայքար է գնում հիմա:

Ծանր վիճակում գտնվողները շոկային վիճակում են, դրա համար մենք միջամտում ենք, որ անջատենք իրենց գիտակցությունը, որ ցավային ռեակցիան շատ արտահայտված չլինի: Նման պացիենտների անգամ վիրակապությունը չափազանց ծանր  միջամտություն է: Մենք դրան վիրահատություն ենք ասում, եւ անգամ հնարավոր է ընդհանուր նարկոզավ դա արվի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մյուս 4 տուժածներին, Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Մյուս 4-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կայուն: Նրանք գտնվում են բաժանմունքում, վիրակապություններ եւ համապատասխան բուժում են ստանում: Նրանք ունեն 20-25 տոկոս այրվածքի մակերես եւ մոտավորապես 2-րդ աստիճանի խորություն: Այս պադիենտները ոտքի վրա են, գիտակցությունը տեղն է, իրենք իրենց սպասարկում են: Հիմա որոշակի միջամտություններ ենք կատարում, որից հետո հարազատներին թույլ կտանք մոտենալ»:

Հարցին՝ ո՞ր հատվածներում է այրվծքներ ստացել, նա պատասխանեց. «Ամեն ինչ կախված է նրանից, թե բոցի պահին իրենք ինչ դիրքով են եղել: Հիմնականում ուսագոտու շրջան, վերջույթներ:

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների մոտ գրեթե ամբողջությամբ այրված է մեջքը եւ վերջույթները:

Կարեւոր է վիճակի փոփոխությունը 5-7-րդ օրը եւ 7-10-րդ օրը, երբ թունավորումը հասնում է իր մաքսիմալ աստիճանին: Այս օրերին մենք սպասում ենք պացիենտի վիճակի վատացում: Այս պահին գնահատել, թե ինչ է լինելու, չենք կարող:

Մենք միշտ ակնկալում ենք հիվանդի վիճակի վատթարացում: Այսինքն մենք աշխատում ենք ոչ թե այն սկզբունքով, որ հիվանդի վիճակը թեթեւ է կարելի է մի քիչ գործ անել, այլ մտածում ենք, որ մաքսիմումը պետք է անել, որպեսզի ահնկարծ վատթարացում չլինի»:

Նա նաեւ հավելեց, որ տուժածներից 6-ը միջին տարիքի տղամարդիկ են, մեկը՝ կին, որը ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներից մեկի կինն է: Նա դուրս է գրվել, դրսում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ