06 12 2024

23 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ստացել՝ 3 զինծառայողների զինծառայությւոնից ազատելու կամ տարկետում տալուն նպաստելու համար

23 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ստացել՝ 3 զինծառայողների զինծառայությւոնից ազատելու կամ տարկետում տալուն նպաստելու համար

Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի թիվ 1 տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետը 2024 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում երեք զինծառայողների պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար ստացել է շուրջ 9 միլիոն դրամ կաշառք:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Բաժնի պետը Ա.Թ.-ից ստացել է 3 միլիոն 880 հազար դրամին համարժեք 10 հազար ԱՄՆ դոլար, Գ.Գ.-ից՝ 3 միլիոն 103 հազար դրամին համարժեք 8 հազար ԱՄՆ դոլար և Կ.Ե.-ից՝ 1 միլիոն 938 հազար դրամին համարժեք 5 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Զորակոչի բաժնի պետի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար խոշոր չափերով կաշառք ստանալը) (երեք դրվագ). վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ