06 02 2025

Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցները բնակիչներից գումար են գանձել ու յուրացրել

Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցները բնակիչներից գումար են գանձել ու յուրացրել

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցները համայնքի բնակիչներից հավաքագրել և համայնքի բյուջե չեն մուտքագրել ընդհանուր 13 մլն 953 հզր 417 ՀՀ դրամ գումար: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գ.Մ.-ն և Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մի շարք աշխատակիցները յուրացման եղանակով հափշտակել են համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գումար, ինչպես նաև պատրաստել և օգտագործել են վճարման չափն ու փաստը հաստատող ակնհայտ կեղծ անդորրագրեր։

Մասնավորապես՝ Գ.Մ.-ն 2019 թվականի օգոստոսի 14-ից 2021 թվականի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում իր սպասարկման ենթակա տարածքի բնակիչներից՝ որպես աղբահանության վճար, գանձված գումարների դիմաց տվել է նրանցից ստացված գումարներին համապատասխան, իր կողմից կատարված ձեռագիր նշագրումներով անդորրագրեր, սակայն դրանց երկրորդ օրինակների վրա կատարել է կեղծիք՝ դրանցում նշելով փաստացի գանձվածից քիչ գումարներ, որոնք ներկայացրել է Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջան:

Արդյունքում, համայնքին պատճառվել է 13 մլն 953 հզր 417 ՀՀ դրամի գույքային վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մի շարք աշխատակիցների նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ՝ Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի հիմքով (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով):

Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) և 267-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ