Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-11-ը կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ Գլոբալ ֆորումի նախապատրաստման և անցկացման միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ:
Այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում:
«2015 և 2016 թվականներին Երևանում կայացան «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Առաջին և Երկրորդ գլոբալ ֆորումները, որոնք հնարավորություն ընձեռեցին միջազգային քաղաքական ու ակադեմիական հանրության ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության 100-ամյակի, ինչպես նաև ցեղասպանության հանցագործության կանխարգելման հարցում Հայաստանի հետևողական ջանքերի վրա։
2018 թվականի երրորդ Գլոբալ ֆորումը կայանալու է դեկտեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում և, ի տարբերություն 2015 և 2016 թվականների ֆորումների, ենթադրում է ավելի սեղմ և զուսպ ձևաչափ՝ կենտրոնացած կրթության միջոցով ցեղասպանությունների դեմ պայքարի առանցքային խնդիրներին։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտաքին գործերի նախարարությունում ձևավորված աշխատանքային խումբը մշակել է երրորդ Գլոբալ ֆորումի հայեցակարգը: Ձեռք են բերվել մոտ հինգ տասնյակ առաջատար ցեղասպանագետների, ցեղասպանության թանգարանների ու հիշատակի համալիրների տնօրենների, մշակույթի ու արվեստի ներկայացուցիչների և իրավապաշտպանների՝ Ֆորումին մասնակցության նախնական համաձայնությունը։ Ֆորումին նախատեսվում է նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով Հատուկ խորհրդականի մասնակցությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը