Բարեփոխումների արդյունքում Ճանապարհային ոստիկանությունը վերակազմակերպվելու է պարեկային ծառայության, որը զբաղվելու է նաև պատահարների, հաղորդումների արագ արձագանքմամբ: Այս մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները, տեղեկանում ենք վարչապետի լրատվական ծառայությունից։
Համակարգը գործելու է օպերատիվ կառավարման կենտրոնի միջոցով, որը ստեղծվելու է Համաշխարհային բանկի օժանդակությամբ:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է պարեկային ծառայության գործունեությունը՝ նշելով, որ վերջինիս խնդիրը դառնալու է անվտանգության ապահովումը գլոբալ առումով: «Իրոք, դա շատ գլոբալ ծառայություն է, և հանրային անվտանգության ապահովման տեսակետից այն դառնում է անկյունաքարային նշանակության կառույց: Ըստ էության, պարեկը ոստիկանության դեմքն է, պետության դեմքն է, հանրության դեմքն է: Կարևոր է, թե պարեկն ինչպես է իրեն պահում, ինչ մակարդակ ունի, ինչպես է շփվում մարդկանց հետ, դրանից կախված է քաղաքացու ընկալումը սեփական երկրի, պետության, կառավարության, ոստիկանության մասին: Այն առանցքային նշանակություն ունեցող ծառայություն է, առանց չափազանցության»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:
Զեկուցվել է նաև, որ բարեփոխումների շրջանակում պարեկային ծառայողներն անցնելու են վերապատրաստման դասընթացներ:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված բարեփոխումների իրականացումը և հանձնարարել վերը նշված օրինագծի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնել հնարավորինս սեղմ ժամկետում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը