28 01 2019

Բանակում չեն լինելու ինքնակոչ առաջնորդներ. Դավիթ Տոնոյան

Բանակում չեն լինելու ինքնակոչ առաջնորդներ. Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, անդրադառնալով այն հարցին, թե ապագայում ինչպիսի բանակ են ուզում, պատասխանեց․ «Մեր այսօրվա զինված ուժերը մեծաքանակ են, մենք ստիպված ենք բանակը պահելու՝ ունենալով համապատասխան մարտահրավերներ: Պետք է ունենանք բոլոր միջազգային չափանիշներով բնակչությանն անհամաչափ բանակ: Դրա համար ամեն ինչ անելու ենք, որ և՛ ժամկետային պարտադիր զինծառայության, և՛ պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգը շարունակենք ու բարելավենք: Այլ տարբերակ չունենք: Այսօր պայմանագրային ամբողջական ծառայության անցնելու ոչ մի պայման առկա չէ»։

Հայկական բանակում զինվորների շրջանում տիրող կրիմինալ մթնոլորտի վերաբերյալ հարցին պաշտպանության նախարարն արձագանքեց․ «Ես չեմ կարող բացառել, որ բանակում միջանձնային հարաբերություններում չեն լինում այդպիսի դրվագներ: Հասկանում եք, 18-ից 27 տարեկան երտասարդ տղաներ են, ամեն ինչ արվում է իրենց կարգապահությունը բարձրացնելու, միջանձնային հարաբերությունների որակը բարձրացնելու ուղղությամբ, բայց լինում են դեպքեր: Ինչ վերաբերում է կրիմինալին, դրա դեմ մեծ պայքար է գնում: Այսինքն չեն լինելու ոչ մի անկոչ, ինքնակոչ առաջնորդներ: Այդ իսկ պատճառով և՛ սերժանտական կազմի դերակատարությունն ենք բարձրացնում, և՛ կրտսեր սպայական կազմի գործունեությունն է լինելու ավելի հստակ»։

Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատգամավոր եղած ժամանակվա այն հայտարարությունը, թե առավել մեծ թիվ են կազմում բանակից ազատվողները, քան զորակոչվողները, Տոնոյանն ասաց․ «Մենք սահմանափակումներով ավելի շատ զինծառայողներ ենք զորակոչում, որը ևս խնդրահարույց է: Կառավարության որոշումներով կարգավորվել է այդ հարցը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բանակում ծառայեն իրաականում առողջները։ Մարտական խնդիրները կատարելը պետք է լինի հպարտություն և՛ զինվորների, և՛ նրանց ծնողների համար: Այն զինվորները, որոնք ունենում են սահմանափակումներ, մենք ուղղակի այս տարվա ընթացքում փորձելու ենք իրենց համար ծառայության այլ ձևաչափ գտնել»։

Հարցին՝ Մարտի 1-ի հետ կապված քրեական գործերը հարված հասցնո՞ւմ են ԶՈՒ-ին, նախարարը պատասխանեց․ «Իհարկե, ԶՈՒ տրամադրության վրա ազդում է, բայց հաղթահարում ենք՝ անելով ավելին»։

Խոսելով որդու ծառայության մասին՝ Տոնոյանը նշեց, որ երեկ նրա ծննդյան օրն էր. «Ասացի՝ պարոն կրստեր սերժանտ, շնորհավորում եմ, պատասխանեց՝ շնորհակալ եմ, պարոն նախարար... Այդպիսի հարաբերություններ են հիմա մեզ մոտ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ