09 03 2019

Վաչե Մանուկյանի և Chanel-ի սեփականատիրոջ այցը Հայաստան հետաձգվում է

Վաչե Մանուկյանի և Chanel-ի սեփականատիրոջ այցը Հայաստան հետաձգվում է

Հայկական բարեգործական ընդհանուր միության Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ, բրիտանահայ գործարար ու բարերար Վաչե Մանուկյանի և Chanel նորաձևության տան սեփականատերերից Ժերար Վերթհայմերի այցը Հայաստան տեխնիկական պատճառներով հետաձգվել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 9-ին Հայաստան պետք է ժամաներ համաշխարհային խոշոր ընկերություններից մեկի՝ հանրահայտ Chanel նորաձևության տան սեփականատերերից Ժերար Վերթհայմերը:

Ժերար եւ Ալան Վերթհայմեր եղբայրները ֆրանսիական հայտնի Chanel ընկերության սեփականատերերն են: Նրանց պապը՝ Պիեռ Վերթհայմերը, եղել է Chanel նորաձևության տան հիմնադիր, մոդելավորող Կոկո Շանելի գործընկերը:

Chanel նորաձևության տունը մասնագիտացած է հագուստի և բարձրակարգ աքսեսուարների, օծանելիքի արտադրության ոլորտում: Այն այսօր գործող ամենահին նորաձևության տներից է: Chanel-ի արտադրանքն ամենապահանջվածներից է աշխարհում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ