02 05 2019

Ճանապարհային հատվածի փոփոխություն՝ Եղվարդի խճուղում

Ճանապարհային հատվածի փոփոխություն՝ Եղվարդի խճուղում

Եղվարդի խճուղում հաճախակի դարձած ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ շրջադարձի համար չնախատեսված ճանապարհի միջանկյալ հատվածը փակելու առաջարկով: Չնայած, որ խճուղու աջ և ձախ կողմերից շրջադարձ կատարելու համար կան հատուկ կահավորված հատվածներ, հաճախ վարորդներն ընտրում էին կարճ ճանապարհը: 

Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Վարորդները հարակից բակերից, գազալցակայանից միանգամից դուրս են գալիս և շրջադարձ են կատարում չթույլատրված վայրով, որի հետևանքով տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ»,- նշել է ՀՀ ՃՈ ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը:

Արձագանքելով Ճանապարհային ոստիկանության առաջարկին՝ Երևանի քաղաքապետարանն արդեն սկսել է խճուղու միջանկյալ հատվածի բարեկարգման աշխատանքները: Ճանապարհի այս հատվածում կձևավորվի կանաչ գոտի:   

«Ճանապարհային ոստիկանության կողմից բազմաթիվ ահազանգեր ունեինք այս հատվածի հետ կապված: Վաղն արդեն կավարտենք եզրաքարերի տեղադրումը, որից հետո կիրականացվեն հողային ու կանաչապատման աշխատանքներ: Այս հատվածում կձևավորվի սիզամարգ, կտնկվեն ծառեր»,- նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

«Շատ օպերատիվ արձագանք եղավ, անմիջապես սկսվեցին աշխատանքները: Այսուհետ այս հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարներ չենք ունենա, որոնք շատ հաճախ հանգեցնում են մարմնական վնասվածքների, իսկ առանձին դեպքերում նաև խլում են մարդկային կյանքեր»,- ասել է Կոնստանտին Կոստանյանը:  

Քաղաքապետարանից կոչ են անում համաքաղաքացիներին մեքենա վարելիս լինել մշտապես զգոն և հետևել ճանապարհային երթևեկության կանոններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ