ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին մինչ օրակարգին անցնելը անդրադարձավ Իջևանում տեղի ունեցած երեկվա դեպքերին՝ նշելով, թե տպավորություն կա, որ Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում, Թումանյանի տարածաշրջանում բոլորը համատարած զբաղված են փայտ կտրելով և վաճառելով, սակայն դա մարդկանց մի փոքր շրջանակ է:
«Այդ շրջանակը երկար տարիներ իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ, ցանց, և, ըստ էության, այսօր մենք գործ ունենք այդ ցանցի հետ: Ես չեմ բացառում, որ այս գործողությունները թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են պոտենցիալ այն մարդկանց կողմից, որոնք անպայման կրելու են քրեական պատասխանատվություն: Ես ուզում եմ հստակ լինել՝ ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու և խնդիրը դնում եմ իրավապահ համակարգերի առաջ, այստեղ ԱԱԾ-ի, Ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների գործունակության խնդիրն է դրված: Ապօրինի գործունեության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու, որևէ մեկը շանտաժով չի կարող խոսել կառավարության հետ, և սա կյանքի կոչելը իրավական համակարգի խնդիրն է»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
«Երկու քաղաքացի է մարմնական վնասվածք ստացել: Այսպիսով ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը: Կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որեւէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»,-ասաց Փաշինյանը՝ առաջարկելով փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանին մանրամասներ հայտնել:
«Ապօրինի ծառահատումների կանխման շրջանակներում միջոցառումներ էին իրականացվում Լոռու եւ Տավուշի մարզերում: Տեղավորվել էին անշարժ պահակակետեր այն կարեւոր ուղիներում, որտեղով կարող էինարտահանել ապօրինի հատված ծառերը: Դա դժգոհություն էր առաջացրել այդ հատվածի մոտ, որոնք զբաղվում են ապօրինի ծառահատումներով: Նրանք փողոց փակելու միջոցով ուզում էին իրենց հարցերը կարգավորեն: Այդ առթիվ երեկ Իջեւանում մի քանի անգամ փակվեց եւ բացվեց Իջեւան-Նոյեմբերյան մայրուղին եւ Իջեւանի Երեւանյան փողոցը: Մոտ 500 հոգու կողմից պահանջ էր դրվում, որ հանեն այդ պահակակետերը եւ թույլ տան իրենց ապօրինի ծառահատված զանգվածը հանել մարզից: 18.00-ի սահմաններում ոստիկանությունը պատնեշ էր կազմել եւ ուզում էր բացել մայրուղին: Այդտեղ տեղի ունեցավ բախում:
Բողոքավոր հատվածը քարերով, մահակներով վնասվածքներ պատճառեցին 11 ոստիկանների: Վնասվածքները լուրջ չեն, այս պահին 8 ոստիկան ոստիկանական հոսպիտալում է, վիճակը բավարար է: Հարուցվել է քրեական գործ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածների հատկանիշներով: 19 մարդ բերման է ենթարկվել, որից 13-ը ձերբակալվել է, մնացածը ստորագրությամբ բաց են թողնվել»,- ասաց Մովսիսյանը:
Վարչապետը նկատեց, որ ըստ իր տեղեկությունների՝ շուրջ 36 հոգի բերման պետք է ենթարկվեր, որոնք կազմակերպիչներն են:
«Տվյալ դեպքում ակտիվիստ բառն այնքան էլ պատեհ չի: 36 հոգի պետք է բերման ենթարկեին, մյուսներն ուր են»,- ասաց Փաշինյանը:
«Բոլորի հասցեներով գնացել են, որ բերման ենթարկեն այդ անձանց, որոնց ցուցակն ունեինք: Բայց նրանց տեղում չեն գտել, հիմա աշխատանքները շարունակվում են նրանց հայտնաբերելու»,- ասաց փոխոստիկանապետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը