08 08 2019

Զինվորների դրամական ապահովության ամսական չափը կավելացվի 2000 և 1000 դրամով



Կառավարության որոշմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար ավելացվեց 2000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով:

«Գումարները շատ սիմվոլիկ են,  բայց պետք է արձանագրենք, որ պետք է հենվենք այն բազայի վրա, որը ունենք: Մեր որոշումն էլ իհարկե սիմվոլիկ է, բայց բազայի հետ համեմատած էականորեն ավելացնում ենք, որոշ դեպքերում նույնիսկ կրկնակիից ավելին: Կարծում եմ, շատ սիմվոլիկ ու կարևոր քայլ է, արձանագրենք, որ գումարները բացարձակ մեծ չեն»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Որոշման նախագծում ասվում է՝

Պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009թ-ից փոփոխություններ չեն կրել և հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետևանքով չեն բավարարում անձնական հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար (օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33%), ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար:

Որոշման արդյունքում 2019թ. 6 ամիսների հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն 228.942,0 հազ.դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ 2019թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումների դրամական ապահովության և աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ