28 11 2019

Սամվել Ալեքսանյանից նվեր ընդունելու մեջ պախարակելի բան չկա․ քաղաքապետի խոսնակ

Սամվել Ալեքսանյանից նվեր ընդունելու մեջ պախարակելի բան չկա․ քաղաքապետի խոսնակ

Քաղաքը պատրաստ է ընդունել նվիրատվություններ բոլոր այն մարդկանցից Հայաստանի ներսում կամ դրսում, որոնք մտադրություն ունեն մասնակցել Երևանք քաղաքի զարգացմանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Անդրադառնալով «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի նվիրատվությանը՝ Հակոբ Կարապետյանն ասաց.

«Ի սկզբանե ինչ-որ դիստանցիա պահել, խորշել Սամվել Ալեքսանյանի հետ շփումներից կամ նվեր ընդունելուց, այդպիսի բան չկա։ Քաղաքային գործող իշխանությունը կարող է հայտարարություն անել, այս կամ այն բանը վերագրել այս կամ այն անձին միայն փաստաթղթի հիման վրա։ «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը պետռեգիստրում գրանցված է որպես հիմնադիր-սեփականատեր մի անձ, որի անունը Սամվել Ալեքսանյան չէ։ Տնօրենը, որը ստորագրել է քաղաքապետարանի հետ պայմանագիրը Հայկ Իսրայելյանն է, ինչպես տեսնում ենք կրկին Սամվել Ալեքսանյանը չէ։ Քաղաքապետարանը չունի այն գործիքակազմը և ընդհանրապես չունի այն խնդիրը՝ պարզելու, արդյոք այս կամ այն կազմակերպության հետևում կանգնած է այս կամ այն գործարարը, թե ոչ։

Առավել ևս երբ մենք պատրաստ ենք անձամբ Սամվել Ալեքսանյանից, ոչ թե ինչ-որ փոխկապակցված ընկերությունից ընդունել նվիրատվություն»,-նշեց Հակոբ Կարապետյանը՝ ընդգծելով, որ այստեղ այդ հարցն էական չէ։

Նա նկատեց՝ եթե հարցնում են ստացել եք նվեր Սամվել Ալեքսանյանից, իրենք պատասխանում են՝ ոչ. «Եթե ասենք՝ ստացել ենք, պարոն Իսրայելյանը կամ հիմնադիրները, բաժնետերերը կարող են զանգել, ասել՝ եղբայր, էդ մենք նվեր տանք, դուք ինչ-որ ուրիշ մարդու անուն հնչեցնես»։

Հակոբ Կարապետյանն ընդգծեց՝ ինքը չի կարող հայտարարություն անել ասեկոսեների, տարածված կարծիքների հիման վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ