12 02 2020

ՔԿՀ-ները վերազինվում են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով

ՔԿՀ-ները վերազինվում են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ առանձնակի կարևորվել են քրեակատարողական հիմնարկների արդիականացումը և տեխնիկական հագեցումը, մասնավորապես՝ անվտանգության և հսկողության ապահովման ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով վերազինումը։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը: Ռազմավարական այս ուղենիշների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից արդեն իսկ ձեռք են բերվել և բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ռենտգեն սարքեր, ինչպես նաև «SECUPLUS» մակնիշի անցումային և ձեռքի շարժական դեդեկտորներ (մետաղորսիչ սարքեր), որոնց կիրառմամբ հանձնուքների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների ռեժիմային գոտիներ մուտք գործող ֆիզիկական անձանց ստուգումն ու զննությունն իրականացվում են անհամեմատ արագ, արդյունավետ և հուսալի եղանակով։

Ժամանակակից հիշյալ սարքերով տեխնիկական վերազինումը հնարավորություն է տալիս էականորեն նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, այդ թվում՝ թմրամիջոցների ներթափանցման դեպքերը, բացի այդ՝ ստուգման գործընթացներում նորարարական սարքերը մարդկային միջամտությունը հասցնելու են նվազագույնի` դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը։ Նոր սերնդի տեխնիկական սարքեր ձեռք բերելու և դրանք քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ շահագործման մեջ եղած նախկին սարքերի հետ համատեղ օգտագործելու արդյունքում հնարավոր է դարձել նաև ավելացնել հսկման կետերի քանակները` բարելավելով հիմնարկների անվտանգության ապահովման մակարդակը և հսկողության վիճակը։ Քրեակատարողական հիմնարկների տեխնիկական վերազինումը և արդիականացումը կրելու է շարունակական բնույթ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ