09 10 2020

Ես չէի կարողանա գրել այս բառերը, եթե չլիներ մարդկանց հսկայական շղթան, որոնք փրկեցին ինձ. Ալան Կավալ

Ես չէի կարողանա գրել այս բառերը, եթե չլիներ մարդկանց հսկայական շղթան, որոնք փրկեցին ինձ. Ալան Կավալ

Le Monde-ի՝ Ղարաբաղում վիրավորված լրագրող Ալան Կավալն  շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն փրկվել: Իր խոսքում ֆրանսիացի լրագրողը գրել է. 

«Անցյալ հինգշաբթի իմ լրագրող գործընկեր Հերմինե Վիրաբյանը, ֆոտոլրագրող Ռաֆայել Յաղոբզադեն և ես լուսաբանում էինք Լեռնային Ղարաբաղում ընթացող դաժան հակամարտությունը առաջնագծից ոչ հեռու՝ Մարտունի քաղաքից:

Կեսօր էր, բնակելի փողոցից լսեցինք «Գրադի» հրթիռների ձայնը, որոնք արձակվում էին մեր ուղղությամբ թուրք-ադրբեջանական դիրքերից: Նրանք ռմբակոծում էին քաղաքը, և մեզ հարվածում էր կրակի և մետաղի անձրևը:

Տեղում մահացավ Մարտունու քաղաքապետարանի աշխատակից Գրիշա Նարինյանը, որը մեզ ցույց էր տալիս ավելի վաղ հարձակումների վայրերը: Նա 28 տարեկան էր:

Ամեն օր մտածում եմ նրա ու նրա ընտանիքի մասին: Գրիշան մահացավ, քանի որ ցանկանում էր, որ արտաքին աշխարհն իմանա, թե ինչի միջով է անցնում իր ժողովուրդը:

Թող նա խաղաղ հանգչի հարվածի հետևանքով զոհված 3 մյուս խաղաղ բնակիչների հետ:

Մեր վարորդ Արմեն Սայանը թեթև է վիրավորվել, բայց դարձյալ պայթյունից գլխացավեր ունի:

Իմ գործընկեր Հերմինեն, որին ես շատ եմ գնահատում, չնայած միասին կարճ ժամանակ ենք աշխատել, բարեբախտաբար, անվնաս է: Իմ ընկեր և գործընկեր Ռաֆայելը վիրավորվել էր գլխի և ոտքի շրջանում:

Եթե ​​ես ճիշտ եմ հասկանում, ինձ խոցել է մոտ տասը բեկոր տարբեր տեղերում: Մի քանիսը որովայնս ծակելով մարմնից դուրս են եկել: Հիմա քայլ առ քայլ, օր օրի վերականգնվում եմ:

Սակայն ես չէի կարողանա գրել այս բառերը, եթե չլիներ մարդկանց հսկայական շղթան, որոնք փրկեցին ինձ Մարտունիում, Ստեփանակերտում, Երևանում և Փարիզում: Նրանց մի մասը հայտնի են, ոմանք իմ ընկերներն են, մյուսներին էլ երբեք չեմ իմանա:

Մարդկանց այս շղթայում կային նաև Մարտունու քաղաքացիներ, որոնք առաջին պահերին որոշիչ դեր խաղացին մեզ անվտանգ վայր հասցնելու համար:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ լրագրող գործընկերներին, որոնք ինձ վերցրին այրված հողից և հասցրին քաղաքի բժշկական կենտրոն: Շնորհակալություն հայտնել իմ մյուս գործընկերներին, որոնք այնտեղ էին և Փարիզին տեղյակ պահեցին իրավիճակի մասին, հատկապես Հերմինեին և Ռեգիս Ժենտեին:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Մարտունու բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին, որոնք իրենց քաղաքի վրա հարձակման ընթացքում ժամանակ գտան փրկելու երկու օտարերկրացիների: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել այն տղամարդկանց, որոնք ինձ Մարտունիից Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխեցին հին շտապօգնության մեքենայով՝ արագությամբ անցնելով ոլորուն ճանապարհներով, նրբանկատորեն խուսափելով հարվածներից:

Ես գիտեմ, թե Ստեփանակերտի հիվանդանոցի աշխատակիցներն ինչ հսկայական աշխատանք են կատարել ինձ փրկելու համար: Ես դեռ չեմ կարողացել ծանոթանալ նրանց բոլորի անուններին, բայց խորապես երախտապարտ եմ նրանցից յուրաքանչյուրին: Ես խորապես երախտապարտ եմ նաև Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ֆրանսիայի իշխանություններին, որոնք ապահովեցին ուղղաթիռով մեր տեղափոխումը Երևան:

Իհարկե, դա հնարավոր չէր լինի առանց նախագահ Մակրոնի, որը հրապարակավ խոսեց մեր գործի մասին և արեց անհնարինը մեզ դուրս բերելու համար, և Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային կենտրոնն ամեն ինչ արեց այդ ջանքերը համակարգելու համար, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա ղեկավար Էրիկ Շեվալյեին:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Երևանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներին, դեսպան Ջոնաթան Լաքոտի և առաջին քարտուղար Քլեր լե Ֆլեչերի ղեկավարությամբ, որոնք անխոնջ աշխատում էին հնարավոր լավագույն պայմաններում մեզ տուն հասցնելու համար:

Ես նաև անչափ շնորհակալ եմ Le Monde-ի իմ գործընկերներին, որոնք համակարգեցին բոլոր գործողությունները պատկան մարմինների հետ` մեզ դուրս բերելու համար: Ես այնքան երախտապարտ եմ, որ աշխատում եմ այսպիսի աջակցող խմբի հետ: Շնորհակալ եմ բոլորին իրենց մտքերի և այդ շատ երկար օրերին ցուցաբերած աջակցության ու կատարած աշխատանքի համար:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ժերոմ Ֆենոգլիոյին, Լյուկ Բրոններին, Ալեն Սալեսին, Վալերի Միշեին, Պիոտր Սմոլարին, Իզաբել Մանդրոյին, Մարի Սումալային, Նիկոլաս Խիմենեսին և Հելեն Սալոնին, որոնք շուրջօրյա համակարգում էին աշխատանքը Փարիզից:

Եվ, իհարկե, ես պետք է շատ ջերմ շնորհակալություն հայտնեմ AXA-ի թիմին՝ լոգիստիկա կազմակերպելու համար:

Իսկ հիմա իմ բոլոր ընկերներին. ամբողջ աշխարհից աջակցության ձեր բոլոր ուղերձների, մտքերի, սիրո համար ես անչափ շնորհակալ եմ:

Հենց որ կազդուրվեմ, ժամանակ կգտնեմ պատասխանելու ձեր բոլոր բարի ցանկություններին: Ձեր խոսքերը, նույնիսկ եթե դրանք մի քանի օր մնան անպատասխան, բուժման գործընթացի մեծ մասն են կազմում:

Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր սիրելիներից, հատկապես ընտանիքիցս ու իմ Ռեբեկայից, նրանց մեծ սթրեսի մեջ պահելու համար:

Ես հիմա վերականգնվում եմ բոլորիդ շնորհիվ: Փարիզում La Pitié Salpétriére-ում ինձ խնամում են ամենանվիրված, պրոֆեսիոնալ և բարի բժիշկներն ու բուժքույրերը:

Ամեն օր նոր քայլ է կատարվում իմ լիարժեք վերականգնման ուղղությամբ:

Մի քիչ ժամանակ կպահանջվի, բայց ես գիտեմ, որ դուք ինձ հետ եք:

Ձեր Ալան»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ