ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում «բլթացրել» է բառացիորեն հետևյալը. «Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ո՞ւմ 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»: Այսինքն. թուրքական առաջադրանքը մինչև վերջ կատարելուց ոչ մի նշույլ շեղվել չցանկացող հայ պատասխանատու պաշտոնյա այս տիկինը ուղղակի հաստատում է, որ իր միակ զավակին ղզիկ ու դասալիք է դաստիարակում և ոչ մի դեպքում թույլ չի տա, որ նա բանակ զորակոչվի, ծառայի հայրենիքին, պաշտպանի իր տունը, իր մորը, իր ընկերուհուն, ինքն իրեն։
Ինքնին հասկանալի է, որ սույն տիկնոջ պատկերացմամբ, առաջադեմն ու օգտակարը` անսեռ, անհայրենիք, անդեմ, լավ ուտող, մտածելուց ու հիշողությունից հրաժարված սերունդ ունենալն է։ Մեր երկրի դեմ պատերազմ սանձազերծելու բոլոր հնարավորություններն ապահոված, թշնամուն զսպող բոլոր ուժերն ու խանգարող բոլոր խոչընդոտները վերացրած, բոլոր հարթակներում կանխավ դիվանագիտական պարտություններ ծրագրած թրքասեր իշխանության այս ներկայացուցչը փաստացի հայտնում է, որ մեր երկրի ու ազգի ապագան տեսնում են թուրքի ողորմածությունից կախված։
Սրանց համար պատերազմական ծրագրված ամոթալի պարտությունը, հայրենական տարածքների կորուստը, հազարավոր զոհերն ու վիրավորները, գերիներին ազատելու անկարողությունը, երկիրն անտերության ու անորոշության մատնելը... իրենց բարոյական հաղթանակների արսենալից են։ Սեփական բանակ ունենալը, այն տարեցտարի վերազինելն ու հզորացնելը և պարտվածի խարանը հաղթանակով մաքրելը սրանց համար այլևս «հետադիմական ու վնասակար» է։
Սրանք, Լենա Նազարյանի միջոցով, հիմա էլ մանիպուլյացիաներ են անում, թե թուրքի լծի տակ ապրելը ու թուրքին սպասարկելը «երկարատև խաղաղություն ունենալ» է նշանակում։ Թե` թուրքի թելադրանքին հպատակվելնու, Թուրքիայի կցորդը դառնալու դեպքում միայն մեր տարածաշրջանը «վերջապես մարդկային դեմք» կունենա։ Որ` պետք է համակերպվել իրենց հնարած այն թեզին, թե Նիկոլի հանձնած հայկական տարածքներն «այլևս ոչ մի պատերազմով հնարավոր չէ հետ բերել»։
Հիմա մնում է մե՛նք որոշենք՝ ուզո՞ւմ ենք ապրել Նիկոլի պատկերացումներով կառուցված ու Լենա Նազարյանի նկարագրած տարածքում, թե՞ մե՛ր ուզած, թուրքից ազատ Արցախն ու Հայաստանն ենք ունենալու։
Գևորգ Հարությունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը