«Տաշիր»-ը հեղինակավոր ընկերություն է և մարդիկ սիրով այցելում են։ Այս թունավորման դեպքը աննխադեպ է մեր պատմության ընթացքում, մենք երբևէ նման դեպք չենք գրանցել։ Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով «Տաշիր պիցցա»-ում թունավորումների դեպքերին՝ ասաց «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մարքեթինգի բաժնի տնօրեն Արտակ Մաթևոսյանը։
«Մենք ամեն քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի նման դեպք այլևս չկրկնվի, որպեսզի մեր հաճախորդի հիշողության մեջ այս դեպքը չմնա»,- ասաց Մաթևոսյանը։
«Տաշիր պիցցա»-ի ներկայացուցիչը հայտնեց, որ ինտենսիվ կապի մեջ են հիվանդանոցների և հիվանդների հարազատների հետ և տեղեկացել են, որ թունավորում ստացած քաղաքացիների 50 տոկոսը և ավելին դուրս են գրվել հիվանդանոցից։
«Մեզ համար այս պահին ամենակարևորը մեր հաճախորդների առողջությունն է, մինչև բոլոր հիվանդները դուրս չգրվեն, մենք հանգիստ չենք լինի, բայց քանի որ դրական դինամիկա կա, մեզ հուսադրում է»,- ասաց Մաթևոսյանը։
Հարցին, թե կասկածներ կա՞ն՝ ինչից կարող էր թունավորում առաջանալ, Արտակ Մաթևոսյանը խուսափեց պատասխանել, նշելով, որ կասկածները կհաստատի սննդամթերքի անվտանգության տեսչությունը։
«Մեր բոլոր պիցցերիաները ՀՀ-ում և Արցախում գործող ներկա պահին փակ են։ Մենք համագործակցում ենք Առողջապահության նախարարության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչության հետ։ Նրանք փորձանմուշներ են վերցրել սննդից, լաբորատոր հետազոտություններ են անցկացնում, որի արդյունքները հուսանք մոտ օրերս կտրամադրեն մեզ, որից կհասկանանք, թե խնդիրն ինչից է առաջացել։ Երբ արդեն սննդի տեսչությունը կհրապարկի թե, որ սննդատեսակից է թունավորումը տեղի ունեցել, այդ ժամանակ մենք քայլեր կձեռնարկենք․․․։
Մենք առաջինն ենք ցանկանում իմանալ, քանի որ սա նաև մեր հեղինակության խնդիրն է․ պետք է պարզենք, թե խնդիրն ինչից առաջացավ ներկրող ընկերությո՞ւնն էր, թե՞ տեղական արտադրողն էր, որի պրոդուկտները մենք օգտագործում ենք, ըստ այդմ պարզ կլինի մեր քայլերի հաջորդականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը