ՀՀ կառավարության շենքի դիմաց էին հավաքվել Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները, ովքեր չեն ընդունում համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները։ Կազմակերպվել է ստորագրահավաք և ընտրողների 60 տոկոսը միացել է ստորագրահավաքին։
Լրագրողների հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արաքսյա Գրիգորյանը ներկայացրեց «Ապրելու Երկիր» խմբակցության՝ հունվարի 3-ին կառավարությանը գրավոր ներկայացված պահանջը, այն է՝ դադարեցնել ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու նոր ընտրություններ՝ հիմք ընդունելով ՏԻՄ-երի մասին օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ կետը։ Ըստ այդ դրույթի երկշաբաթյա ժամկետում, եթե համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա կառավարությունը նշանակում է նոր, ավագանու արտահերթ ընտրություններ։
«Ստորագրագրահավաքին միացել է մոտ 6000 մարդ, ովքեր պահանջում են կառավարությունից՝ պատասխանելու խմբակցության գրությանը, որովհետև մինչև օրս կառավարությունը քայլեր չի ձեռնարկել, անգամ գրությանը չի պատասխանել»,-ասաց նա։
Արաքսյա Գրիգորյանը հայտնեց, որ գրությունն ուղղված է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, պահանջում են նրա կամ աշխատակազմից որևէ մեկի հետ հանդիպում, հանձնելու ստորագրություններն ու պարզաբանելու, թե ինչո՞ւ չեն արձագանքում կուսակցության գրությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը