Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի խոսքով պատերազմի օրերին թանգարանից դուրս բերած հավաքածուի պահպանումն օդից է կախված, այսինքն՝ գորգերը Հայաստանում ցուցադրվելու կամ ի պահ դրվելու տեղ չունեն։
«Գորգերը մինչ այս ցուցադրվում էին Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Երկու օր առաջ ցուցադրությունը հավաքեցինք և հիմա չգիտենք` ուր ենք տանելու։ Հույս ունեի, որ համապատասխան մարմինները լուծում կտան հարցին, քանի որ միակ գորգերի թանգարանն է Հայաստանում»,-ասաց բանախոսը։
Նրա խոսքով` Հայաստանի ԿԳՄՍՆ-ն գորգերը տեղափոխելու վայրի մի քանի տարբերակ է առաջարկել` Սարդարապատի հուշահամալիրին կից Հայաստանի ազգագրության թանգարանը և Շարամբեյանի անվան ազգային արվեստի կենտրոնը։ Սակայն, ըստ Ասծատրյանի, այդ թանգարաններն իրենց գորգերն ունեն և ցուցադրելու տեղ չկա այլևս։ Բանախոսը նշում է, որ առաջարկել են նաև Արցախ տեղափոխել գորգերը, սակայն նա նշում է` կհամաձայնի, եթե գորգերի թանգարանը պետական թանգարանի կարգավիճակ ունենա։
«Քանի որ Արցախի կարգավիճակն այսօրվա դրությամբ անկայուն է, ես չեմ կարող նման ռիսկի դիմել և մասնավորի կարգավիճակում այդ ամենը տանել Արցախ։ Քանի որ այդ թանգարանի համար արդեն մեր հարևաննները մեծ քայլեր են ձեռնարկում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելով, իբրև ՝ մենք իրենց գորգերն ենք տարել և այլն։ Այս հարցն արդեն մտնում է քաղաքական դաշտ»,-ասաց թանգարանի հիմնադիրը։
Մանրամանս՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը