01 02 2022

Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուն ի պահ դրվելու տեղ չունի․ թանգարանի հիմնադիր



Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի խոսքով  պատերազմի օրերին թանգարանից դուրս բերած հավաքածուի պահպանումն օդից է կախված, այսինքն՝   գորգերը Հայաստանում ցուցադրվելու կամ ի պահ դրվելու տեղ չունեն։

 «Գորգերը մինչ այս ցուցադրվում էին Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Երկու օր առաջ ցուցադրությունը հավաքեցինք և հիմա չգիտենք` ուր ենք տանելու։ Հույս ունեի, որ համապատասխան մարմինները լուծում կտան հարցին, քանի որ միակ գորգերի թանգարանն է Հայաստանում»,-ասաց բանախոսը։

Նրա խոսքով` Հայաստանի ԿԳՄՍՆ-ն գորգերը տեղափոխելու վայրի մի քանի տարբերակ է առաջարկել` Սարդարապատի հուշահամալիրին կից Հայաստանի ազգագրության թանգարանը և  Շարամբեյանի անվան ազգային արվեստի կենտրոնը։ Սակայն, ըստ Ասծատրյանի, այդ թանգարաններն իրենց գորգերն ունեն և ցուցադրելու տեղ չկա այլևս։ Բանախոսը նշում է, որ առաջարկել են նաև Արցախ տեղափոխել գորգերը, սակայն նա նշում է` կհամաձայնի, եթե գորգերի թանգարանը պետական թանգարանի կարգավիճակ ունենա։

«Քանի որ Արցախի կարգավիճակն այսօրվա դրությամբ անկայուն է, ես չեմ կարող նման ռիսկի դիմել և մասնավորի կարգավիճակում այդ ամենը տանել Արցախ։  Քանի որ այդ թանգարանի համար արդեն մեր հարևաննները  մեծ քայլեր են ձեռնարկում՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելով, իբրև ՝  մենք իրենց գորգերն ենք տարել և այլն։ Այս հարցն արդեն մտնում է քաղաքական դաշտ»,-ասաց  թանգարանի հիմնադիրը։

Մանրամանս՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ