Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 19-ին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Պատմություն և կովկասագիտություն ամբիոնների ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ: Արցախի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ նախարարն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը և պետականաշինության գործընթացին, ներհայկական կապերին, տարբեր այլ հարցերի:
Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հրամայական է համարել պատերազմից հետո ինքնակազմակերպվելու և առկա ու ապագա մարտահրավերներին համախմբված դիմագրավելու անհրաժեշտությունը՝ առանձնացնելով հատկապես գիտական ներուժի դերակատարությունը՝ պետության ռազմավարական ոլորտներում նվաճումներ արձանագրելու և պետականության կենսունակությունը ապահովելու գործում:
Դավիթ Բաբայանը կարևորել է Հայաստանի ու Արցախի միջև գիտական փոխգործակցության ակտիվացումը՝ ընդգծելով արցախագիտության զարգացման անհրաժեշտությունը Հայաստանի առաջատար բուհերում:
ԱԳ նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին և տվել պարզաբանումներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը