25 02 2022

Մեծ համերգ, կրթական ծրագրեր, փառատոն. ստեղծվել է «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը»

Մեծ համերգ, կրթական ծրագրեր, փառատոն. ստեղծվել է «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը»

Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը պահպանելու և հանրայնացնելու համար ստեղծվել է «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը», որի նախագահը երգչի եղբայրն է՝ Վահե Հակոբյանը:

«Հայկոյի ստեղծագործական ժառանգության իրավահաջորդը հանդիսանում է հենց հիմնադրամը եւ մենք նախանձախնդիր հետեւելու ենք Հայկոյի ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանությանն ամբողջ աշխարհում։

Հիմնադրամը նախատեսում է մշակութային և կրթական ծրագրեր, որոնք արդեն իսկ սկսում ենք իրագործել։

Առաջին մեծ ծրագիրը Հայկոյին նվիրված համերգների շարքն է, որը կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին՝ Երեւանում, ապա Միացյալ Նահանգներում՝ սեպտեմբեր ամսին։

Մեծ հույս ունենք, որ Հայկոյի ընկերներն ու հայտնի երաժիշտներ կունենան իրենց մասնակցությունն այս համերգին։

Մեր ծրագրերում է նաեւ ստեղծել «Հայկո Մյուզիք Ֆեսթ» (Hayko Music Fest) ամենամյա փառատոնը։ Այն նախատեսվում է ամեն տարվա օգոստոսի 25-ից 30-ը։

Մենք ուզում ենք ստեղծել երաժշտական գրականություն՝ նոտագրելով Հայկոյի ստեղծագործությունները։ Սրա նպատակն է ժամանակակից կոմպոզիտորական միտքը դարձնել հասանելի երաժիշտների համար, դասագրքային մոտեցմամբ փորձել այն կիրառել երաժշտական ուսումնական հաստատությունների ջազային ֆակուլտետներում։

Հիմնադրամը կունենա նաեւ կրթական ծրագրեր եւ կրթաթոշակներ։

Հայկոյի հիսնամյակին ընդառաջ կստեղծվեն գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր Հայկո կոմպոզիտորի եւ նրա ստեղծագործական կյանքի մասին։

Հայկոյի երգերի հիման վրա կստեղծվի երաժշտական ներկայացում, որը կունենա իր խաղացանկային գրաֆիկը։

Մենք հավատում ենք, որ կարող ենք միասին մեղմել կորուստը, արժանապատիվ պահպանել և ցուցադրել Հայկոյի ժառանգությունը, աջակցել տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին, ստեղծել մշակութային նոր արժեքներ և վառ պահել Հայկո Հակոբյանի հիշատակը»,-նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ