05 02 2025

Տնտեսական աճի արտաքին գործոնն էապես նվազում է․ Թադևոս Ավետիսյան

Տնտեսական աճի արտաքին գործոնն էապես նվազում է․ Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել, որում ասվում է․

«Տնտեսական աճի արտաքին գործոնն էապես նվազում է

1․ 2024 թվականի տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշը կազմել է 8 տոկոս՝ առաջին կիսամյակի համեմատ նվազելով 2,5 տոկոսային կետով։

2․ Շարունակվում է գյուղատնտեսության ազատ անկումը։ Նախորդ տարվա համեմատ՝ 2024 թվականին ոլորտն ունեցել է զրոյականին մոտ աճի ցուցանիշ (1,6 տոկոս), որը տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է 2,5 անգամ։

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների շրջանառությունը 2024 թվականին նվազել է շուրջ 4 տոկոսով։

3․ Արդյունաբերության ոլորտի աճը 2024 թվականին կազմել է ընդամենը 4,7 տոկոս՝ առաջին կիսամյակի ցուցանիշի համեմատ նվազելով շուրջ 4 անգամ։

4․ Կացության կազմակերպման ծառայությունների ոլորտի (հյուրանոցներ, հանրային սնունդ և այլն) 2024 թվականի աճի ընդհանուր ցուցանիշը նվազել է շուրջ 30 տոկոսով՝ առաջին կիսամյակի համեմատ։

5․ 2024 թվականին շուրջ 200 միլիարդ դրամի չափով հարկերի թերհավաքագրման հետևանքով ՀՀ պետական բյուջեի պակասուրդն ավելացել է 187 միլիարդ դրամով։

6․ 2024 թվականին պետական պարտքն աճել է 8,5 տոկոսով (1 միլիարդ ԱՄՆ դոլարով)՝ գրեթե 1,5 անգամ ավելի բարձր չափով, քան տնտեսությունը՝ ՀՆԱ-ի աճը։

7․ Արձանագրվում է օտարերկրյա կապիտալի «փախուստ»․ 2024 թվականի ամբողջական ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, սակայն առաջին կիսամյակում արդեն իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը նվազել է 334 միլիոն ԱՄՆ դոլարով, Հայաստանից շուրջ 55 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ են դուրս եկել, քան ներհոսքն է կազմել։

8․ 2024 թվականի 4-րդ եռամսյակում նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը՝ կազմելով 75811 դրամ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ