ՀՀ վերաքննիչ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:
Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը, և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց:
Նիստից հետո լրագրողների հետ կարճ զրույց ունեցավ փաստաբան Ռուբեն Սահակյանը:
Ներկայացնում ենք զրույցի տեսանյութն ու սղագրությունը:
- Դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը և հայտարարեց, որ վերացնում է, բավարարում է փաստաբանների, պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի է:
- Նախագահն ինչպե՞ս տարավ որոշումը:
- Շատ հանգիստ:
- Գրավի դիմա՞ց է ազատ արձակվել:
- Ոչ, անձեռնմխելի է:
- Պատգամավորների երաշխագի՞րն է այստեղ ...
- Ոչ, օգտվել է անձեռնմխելիության իրավունքից: Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտանավարման և իր պաշտոնավարումից հետո, եթե իր գործողությունները բխել են իր կարգավիճակից:
- Այսինքն առաջին ատյանի դատարանի որոշումը հակաօրինակա՞ն էր:
- Այո:
- Դատավարությունը հիմա ի՞նչ ընթացքով պետք է ընթանա հիմա, որպես փաստաբան մանրամասնեք:
- Այդ հարցը տվեք քննչական մարմիններին: Չեմ ուզում խոսել, որովհետև քննիչն ասեց, որ արգելում է խոսել:
- Բավարարվա՞ծ եք դատարանի որոշումից:
- Դատարանի որոշումից այո բավարարված ենք: Եթե անձեռնմխելիության հարցը էսպես լուծվեց, ապա մնացած հարցերին դատարանը չպետք է անդրադառնար:
- Դու՞րս է եկել դատարանից Ռոբերտ Քոչարյանը:
- Այո, դուրս է եկել և արդեն մեկնել է:
Ասում էիք քաղաքական հետապնդում է, արդարություն չկա: Փոխվե՞լ է ձեր տեսակետը:
- Ոչ, չի փոխվել: Մինչ այս պահը այդպիսին էր:
- Հետագա գործողությունները ո՞րոնք են լինելու:
- Սպասում ենք, ես համոզված եմ, որ նախաքննական մարմինը, քրեական հետապնդման մարմինը կբողոքարկի դատարանի այս որոշումը:
- Ձեր հետագա քայլերի մասին կխոսե՞ք:
- Մեր հետագա քայլերը՝ սպասել քրեական հետապնդման մարմնի գործողություններին և ըստ այդմ գործել:
- Դատական ատյաններում ընդհանուր առմամբ հարցը սպառված է, գործը փակվա՞ծ է:
- Ոչ, սպառված չէ, քանի որ կա առջևում վճռաբեկ դատարան:
- Քրեական գործն էլ պետք է կարճվի: Բայց այդ հիմքով հնարավո՞ր է:
- Դա հետագայի խնդիր է: Շատ: Կարող են առանց դատարանի միջնորդության ինքնուրույն գալ այդ կարծիքին:
- Առաջին ատյանի դատարանը չգիտե՞ր, որ անձեռնմխելի է:
- Գիտե՞ք, ես այստեղ գալուց առաջ մի փոքրիկ թեզ պատրաստեցի բոլոր նրանց, ովքեր ասում են, որ անձեռնմխելիությունից չի օգտվում: Բոլոր նրանք, ովքեր իմ կարծիքին հակառակը, մեր փաստաբանական խմբի կարծիքին հակառակ կարծիք են հայտնում անձեռմխելիության հարցի հետ կապված... Հարց նրանց, ով գտնում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո կարող է հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Եթե կարող է ենթարկվել, ապա իր լիազորությունների ժամկետում, իր կարգավիճակից բխող գործությունների համար հետապնդելու և պատասխանատվության ենթարկելու համար չպե՞տք է արդյոք գործեր համապատասխան ընթացակարգ, ինչպիսին օրինակ սահմանված է սահմանադրության 96 և 193 հոդվածներով պատգամավորի և մարդու իրավունքների պաշտպանի համար, չէ՞ որ նրանց համար սահմանված է այդ ընթացակարգը, եթե նրանց փորձում են ենթարկել քրեական հետապնդման, ապա պետք է ԱԺ-ն տա իր համաձայնությունը: Հանրապետության նախագահի համար պաշտոնավարման ժամկետի համար նման կարգ չի սահմանել, ինչո՞ւ, որովհետև չի կարող ենթարկվել պատասխանատվության: Ինչ վերաբերվում է պաշտոնավարումից հետո պատասխանատվության ենթարկելուն, ապա դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև չի կարող ենթարկվել, առհասարակ: Նայեք այլ պետությունների սահմանադրությունները:
- Այսինքն, պարոն Քոչարյանը բոլոր տեսակի պատասխանատվություններից ազատվո՞ւմ է:
- Այս պահի դրությամբ նա մեղադրյալ է: Այս պահի դրությամբ, նա մեղդրյալի կարգավիճակում է: Ես չեմ կարող ասել, դա իմ խնդիրը չի:
- Իսկ ի՞նչ ասեց Ռոբերտ Քոչարյանը, որևէ բան ասե՞լ է:
- Ոչ, ոչինչ չի ասել:
- Իսկ որտեղ է հիմա, ո՞ւր գնաց:
- Ճիշտն ասած՝ չհարցրեցի:
- Ասացիք, որ նրա խոսքից հատվածներ կան, որոնք ենթակա է հրապարակման: Հիմա կհրապարակե՞ք:
- Գիտեք ինչ, ես ստորագրություն եմ տվել որպեսզի չհրապարակեմ քննության տվյալները ... Ես չեմ կարող ասել, որովհետև ստորագրել եմ նախազգուշացում, որ եթե հրապարակեմ, կարող եմ ենթարկվել քրեական պատասխանատվության: Ես ավարտում եմ խոսքս որովհետև արդեն մեղադրանքներ են հնչում և վիրավորանքներ: Ուրիշ իրավաբանի հետ խոսեք:
- Այսինքն նախագահը, եթե հանցագործություն է կատարվում, առհասարակ չի՞ ենթարկվում պատասխանատվության:
- Եթե հանցագործություն է կատարում՝ իր կարգավիճակից չբխող գործողությունների համար, ենթարկվում է, եթե բխող, ապա՝ ոչ:
- Մեղադրող կողմը բողոքելո՞ւ է վճռաբեկ դատարան:
- Կարծում եմ, որ կբողոքարկեն:
- Մարտի 1-ը չբխո՞ղ է:
- Սա բխող է, դրա համար օգտվեց անձեռնմխելիությունից:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների բողոքը քննեց երկու օր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը