22 02 2025

ՔՊ-ի Սարիկին օգնության է հասել Էդմոն Մարուքյանի եղբայրը․ «Իրավունք»

ՔՊ-ի Սարիկին օգնության է հասել Էդմոն Մարուքյանի եղբայրը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թունդ ընդդիմադիր դառնալուն «եփած հավն էլ» չի հավատում, բազմիցս են բարձրաձայնել տարբեր քաղաքական գործիչներ: Եվ ահա նրա հարազատ եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը գործուղվել է Գյումրի՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին օգնության: Դե էլ ով, եթե ոչ Մարուքյանները չպետք է «քյոմագ» անեին Սարիկին, չէ որ վերջինս եղել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր: Ընդհանրապես, Էդմոն Մարուքյանը շատ հանգիստ կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի ոչ թե հատուկ հանձնարարություններով դեսպանն, այլ հատուկ կադրեր պատրաստող հանձնակատարը, ով անգամ իր սանիկ, նախկին ԼՀԿ-ական Հայկ Կոնջորյանին «նվիրեց» Նիկոլին, վերջինս էլ նրան դարձրեց ՔՊ խմբակցության ղեկավար:

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ֆոտոշարք է հրապարակել եւ տեքստ, թե հյուրընկալել է ԵՄ-ի ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Համայնքապետերը հանուն տնտեսական զարգացման» դրամաշնորհային ծրագրի «Համայնքային վերափոխումների պորտֆելի» աշխատանքային թիմին: Ծրագրի թիրախային ուղղությունը մշակութային զբոսաշրջությունն է: Թանգարանների էքսպոզիցիայի փոփոխություններից մինչեւ թվայնացում, զբոսաշրջային հոսքերի եւ դրանց կառավարման մասին հետազոտությունից մինչեւ այգիների վերազինում՝ ծրագրի ընթացիկ բաղադրիչներն են, որոնք իրականություն կդառնան առաջիկա ամիսների ընթացքում: Իսկ թե ովքե՞ր են այս գրանտային ծրագրի գլխում կանգնած Հայաստանում, այո՛, ճիշտ գուշակեցիք Նիկոլի Սահմանադրական հանրաքվեն ու համատարած հայտարարագրումը իբր բոյկոտող Մարուքյանի եղբայր Քրիստը, ով  ՀՀ ՏԶ հայաստանյան ծրագրի համակարգողն է: Ու հենց Գյումրիում, հենց նախընտրական փուլում, հենց հիմա՝ նա եվրածրագրերով կանգնեց Սարիկի կողքին:

 

Ի դեպ, այս ամենն ուշագրավ է նաեւ մեկ այլ համատեքստում, Էդմոն Մարուքյանը «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» կեցվածք ընդունած՝ փորձում է տեղավորվել հակարեւմտյան դաշտում: Մեկ ազդարարում է, որ Թրամփը Զելենսկիին է նվաստացնում, մեկ արձանագրում, թե Եվրոպան խուճապի մեջ է, մինչդեռ արի ու տես, որ եղբայրը նույն այդ եվրոպացիների հետ ակտիվ ծրագրեր է իրականացնում: Արդյոք քաղաքական դաշտում ձեւավորվում է մի նոր «Սարոյան եղբայրներ», թերեւս դժվար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ