Երևանում իրադրությունը ծայրաստիճան լարված է: Բողոքի ցույցեր են մայրաքաղաքի մի քանի հատվածներում՝ Հանրապետության հրապարակում, Գարեգին Նժդեհի փողոցում և այլ շրջաններում:
Ոստիկանական մեծ ուժեր են կուտակված հատկապես Հանրապետության հրապարակում:
Ոստիկանությունը պարբերաբար հայտարարում է, որ հավաքն անօրինական է:
Միաժամանակ բողոքի ցույցերի տարբեր վայրերում ցուցարարների թիվը մեծանում է, հատկապես՝ Գարեգին Նժդեհի փողոցում, որտեղ գտնվող ոստիկանական բաժանմունք են բերման ենթարկվել քաղաքացիական հավաքների կազմակերպիչներ, ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:
Ցույցերն այս պահին կազմակերպիչ չունեն, Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանն է փորձում որոշակի կազմակերպչական աշխատանք կատարել:
***
Ցուցարարները որոշեցին երթ անել:
Համաձայն ոստիկանության հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից: Սակայն նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէ: Ոստիկանությունը գաղտնի է պահում:
Ոստիկանությունն ուժի կիրառմամբ, բազմաթիվ քաղաքացիների է բերման ենթարկել:
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել բողոքի ցույցերի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանի ձերբակալության մասին, ըստ հիմնավորման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու համար:
Ավտոբուսներով Երևան են բերվում ոստիկանական նոր ուժեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը