Zham.am-ը գրում է.
Երեկվա Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի ամենաանհեթեթ մասերից էր Քոչարյանի մասին իր դատողությունները: Մասնավորապես նա նշեց, որ եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա լեգիտիմացվում է «տանկերով մարդկանց բողոքը ճնշելու» թեզը, այդ իսկ պատճառով, ինքը ` Փաշինյանը, կարող է նույնպես լեգիտիմ իրավունք ունենալ «տանկեր հանելու մարդկանց դեմ»:
Այս բառախաղով Փաշինյանը ցույց տվեց իր իրական վախերը ՀՀ 2-րդ նախագահից, բայց մինչ դա փորձենք ներկայացնենք իր խոսքերի խոցելիությունը հենց իր համար:
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող ընկալվել որպես քաղբանտարկյալ, քանզի 2008-ին «տանկեր է հանել բողոքավորների դեմ»:
Եթե այդպես է, ապա ոչ Տեր-Պետրոսյանը, ոչ էլ Փաշինյանը չեն կարող համարվել քաղաքական խղճի համար պայքարող գործիչներ: Քանզի 1996թ.-ին առաջինը հենց Տեր-Պետրոսյանը դուրս բերեց տանկերը բողոք հնչեցրած ժողովրդի դեմ: Ավելին՝ նա իր այդ քայլով հիմք դրեց այդ ավանդույթը, որ հետագայում նույնպես կարողանան կրկնեն այդ քայլը: Սակայն արի ու տես, որ Փաշինյանը դա «չի նկատում»: Ավելին՝ 2008 թ.-ին նա Տեր-Պետրոսյանի կողքին էր կանգնել, այսինքն՝ «տանկերով մարդկանց ճզմողի կողքին էր կանգնել» ու դրանով իսկ հիմք տալով, որ իր հանդեպ վարվեն համապատասխան ձևով: Փաստացի Փաշինյանը իր երեկվա հարցազրույցում լեգիտիմացրեց իր հանդեպ բռնաճնշումներն այն ժամանակվա իշխանությունների կողմից: Այսպիսի քաղաքականապես ինքնասպան միտք դժվար էր պատկերացնել:
Փաշինյանը նույնիսկ չհասկացավ, որ իր պատասխանով, փաստացի, ինքն իրեն քաղաքական ահաբեկիչի և խառնակիչի պիտակ կպցրեց: Ուշադրություն դարձնենք, որ դա իր հակառակորդները չարեցին. ինքը արեց, ընդ որում ՝ չգիտակցելով :
Պարզ է, որ Քոչարյանի թեման իր կոկորդին է մնացել, և դրանից նա այլևս չի կարողանա ազատվել, բայց դա իր որոշումն է: Մի կողմ թողնենք, որ ժամանակն աշխատում է Քոչարյանի օգտին, քանզի ժամանակի ընթացքում մարդիկ տեսնելու են Փաշինյանի ողջ սնանկությունը և հիշելու ԵՆ քոչարյանական ժամանակների սրընթաց տնտեսական զարգացումը:
Մի կողմ թողնենք նաև, որ այս հարցում կան նաև արտաքին գործոն:
Սակայն գլխավորն այդ խնդրի բարոյական կողմն է: Եթե դու ուզում ես դատապարտել 2008 թ.-ը, բայց ուզում ես շրջանցել 1996 թ.-ը, ապա վաղը հայտնվելու ես վտանգավոր ծուղակում, քանզի մարդիկ տեսնելու են, որ դու շարքային խաբեբա ես և նույն բանի համար մեկին գործընկեր ես, իսկ մյուսին ուզում ես պատժել: Միթե պարզ չէ, որ Փաշինյանն ինքն իր քայլերով Քոչարյանին տալիս է քաղբանտարկյալի կարգավիճակ: Անշուշտ, երբ հանրության մեջ սպասումներ են լինում մարդիկ այս խնդիրը չեն նկատում, իսկ, երբ այդ սպասումների էյֆորիան ավարտվում է, մարդկանց աչքերը բացվում են, և նրանք տեսնում են, որ նրանց դաժանորեն խաբել են: Իսկ խաբված ամբոխից վտանգավոր այլ բան չկա:
Այ հենց այդ ժամանակ էլ առաջանալու է հաշվետվություն տալու պահը, որը Փաշինյանի համար չափազանց դժվար է լինելու:
Սա է իրականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը