ՀԱՊԿ ներկայացուցիչներին մտահոգում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին զինված միջադեպերի աշխարհագրության ընդլայնումն ու դրանց հաճախակիացումը: Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հանդիպումից հետո, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Իհարկե, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը, որոնց մասին խոսում եք, սպառնում են Հայաստանի անվտանգությանը: Եթե խոսում ենք խնդրի լուծման ուղիների մասին, կարծում ենք, որ իրավիճակի քաղաքական լուծման հնարավորությունները սպառված չեն: Իրականում դա կլիներ լավագույն տարբերակը բոլորի համար», - Զայնետդինովը մեջբերել է Զասի խոսքերը:
Զասը շեշտել է, որ առաջացած լարվածությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի եւ ընդհանուր առմամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անվտանգության վրա: Այն բարդացնում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացումը:
«Ստանիսլավ Զասը նաեւ ընդգծեց, որ անդամ երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովումը ՀԱՊԿ-ի առանցքային առաջնահերթություններից է», - նշել է Զայնետդինովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը