Սա անվտանգության համաժողով է, եւ ես վստահ եմ, որ դուք պատրաստ եք քննարկել, թե ինչպես ավելացնել պաշտպանական ծախսերը առաջիկա մի քանի տարիներին՝ համաձայն որեւէ նոր թիրախային ցուցանիշի: Այս մասին փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Եվ դա հիանալի է, որովհետեւ, ինչպես չափազանց պարզ է դարձրել նախագահ Թրամփը, նա կարծում է, որ մեր եվրոպացի ընկերները պետք է ավելի կարեւոր դեր խաղան այս մայրցամաքի ապագայում: Մենք «բեռի բաժանում» չենք ասում, բայց կարծում ենք, որ համատեղ դաշինքի կարեւոր մասն այն է, որ եվրոպացիները ակտիվանան, մինչ Ամերիկան կենտրոնանում է աշխարհի ավելի մեծ վտանգի մեջ գտնվող տարածաշրջանների վրա:
Բայց թույլ տվեք հարցնել ձեզ՝ ինչպե՞ս կարող եք մտածել բյուջետային հարցերի մասին, եթե մենք չգիտենք՝ ինչն ենք առաջին հերթին պաշտպանում: Այստեղի իմ հանդիպումներում ես շատ եմ լսել այն մասին, թե ինչից է պետք է պաշտպանվեք, եւ, իհարկե, դա կարեւոր է: Բայց ինչն է ինձ, եւ կարծում եմ՝ Եվրոպայի շատ քաղաքացիներին, անհասկանալի թվում, դա այն է, թե հատկապես ինչի համար եք դուք ձեզ պաշտպանում: Ո՞րն է այն դրական տեսլականը, որը մարմնավորում է անվտանգության այս ընդհանուր պայմանագիրը, որը մենք բոլորս այդքան կարեւոր ենք համարում:
Ես խորապես հավատում եմ, որ չի կարող լինել անվտանգություն, եթե դուք վախենում եք այն ձայներից, կարծիքներից եւ խղճից, որոնցով առաջնորդվում են ձեր ժողովուրդները: Եվրոպան բազմաթիվ մարտահրավերների է հանդիպում: Բայց ճգնաժամը, որին հանդիպում է այս մայրցամաքը եւ մենք բոլորս հիմա՝ դա մեր իսկ ստեղծած ճգնաժամն է: Եթե դուք վախից փախչում եք սեփական ընտրողներից, Ամերիկան ոչնչով չի կարող օգնել ձեզ: Ինչպես եւ դուք ոչնչով չեք կարող օգնել ամերիկյան ժողովրդին, որն ընտրել է ինձ եւ ընտրել է նախագահ Թրամփին: Ձեզ հարկավոր են ժողովրդավարական մանդատներ՝ առաջիկա տարիներին որեւէ արժեքավոր բան ձեռք բերելու համար:
Մի՞թե մենք չենք սովորել, որ թույլ մանդատները հանգեցնում են անկայուն արդյունքների: Բայց կարելի է արժեքավոր բաներ ձեռք բերել ժողովրդավարական մանդատով, որը կհայտնվի ձեր քաղաքացիների ձայներին ավելի մեծ արձագանքման շնորհիվ: Եթե դուք ուզում եք ունենալ մրցունակ տնտեսություն, մատչելի էներգիա եւ մատակարարման հուսալի շղթաներ, ձեզ հարկավոր են կառավարման մանդատներ, որովհետեւ դուք ստիպված եք լինելու բարդ ընտրություն կատարել՝ այս ամենն ունենալու համար:
Եվ, իհարկե, մենք դա լավ գիտենք: Ամերիկայում հնարավոր չէ ստանալ ժողովրդավարական մանդատ՝ գրաքննության ենթարկելով ձեր ընդդիմախոսներին կամ բանտ նետելով նրանց: Լինի դա ընդդիմության առաջնորդը, համեստ քրիստոնյա կինը, որն աղոթում է իր տանը, թե լրագրողը»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը