Մարդկանց համար կարեւոր են իրենց տները, իրենց երազանքները, իրենց անվտանգությունը, իրենց ու իրենց երեխաներին ապահովելու կարողությունը: Այս մասին փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Եվ նրանք խելացի են: Կարծում եմ, սա ամենակարեւոր բաներից մեկն է, որը ես հասկացել եմ քաղաքականության մեջ լինելու կարճ ժամանակահատվածում: Ի հեճուկս այն բանի, ինչ կարող եք լսել Դավոսում, մեր բոլոր երկրների քաղաքացիները սովորաբար իրենց չեն համարում կրթված կենդանիներ կամ գլոբալ տնտեսության փոխարինելի մասնիկներ: Եվ զարմանալի չէ, որ նրանք չեն ուզում, որ առաջնորդները անողոք կերպով անտեսեն իրենց: Եվ հենց ժողովրդավարությունն է կոչված լուծելու այս մեծ հարցերը ընտրատեղամասերում:
Մարդկանց մերժելը, նրանց մտահոգությունները անտեսելը, կամ, ավելի վատ՝ լրատվամիջոցներ փակելը, ընտրությունները չեղարկելը կամ մարդկանց քաղաքական գործընթացից հեռացնելը ոչինչ չի պաշտպանում: Իրականում սա ժողովրդավարությունը ոչնչացնելու ամենահաստատուն ճանապարհն է:
Ոչ մի ժողովրդավարություն՝ ոչ ամերիկյանը, ոչ գերմանականը, ոչ եվրոպականւ, չի գոյատեւի, եթե միլիոնավոր ընտրողների ասեն, որ նրանց մտքերն ու մտահոգությունները, ձգտումները, օգնության աղերսները անվավեր են կամ նույնիսկ քննարկման անարժան:
Ժողովրդավարությունը հիմնված է սրբազան սկզբունքի վրա, որ ժողովրդի ձայնը նշանակություն ունի: Կա՛մ դուք պաշտպանում եք այս սկզբունքը, կա՛մ ոչ: Եվրոպացիներ, ժողովուրդը ձայն ունի: Եվրոպական առաջնորդներն ունեն ընտրություն: Եվ ես խորապես հավատում եմ, որ մենք ապագայից վախենալու կարիք չունենք:
Ընդունեք այն, ինչ ասում է ձեր ժողովուրդը, նույնիսկ երբ դա զարմանալի է թվում, նույնիսկ երբ դուք համաձայն չեք: Եվ եթե դուք դա անեք, կկարողանաք նայել ապագային վստահությամբ՝ իմանալով, որ ազգը կանգնած է ձեզանից յուրաքանչյուրի հետեւում: Եվ սա է ժողովրդավարության մեծ կախարդանքը: Այն այս քարե շենքերում կամ շքեղ հյուրանոցներում չէ: Այն նույնիսկ այն հզոր հաստատություններում չէ, որ մենք միասին կառուցել ենք:
Ժողովրդավարությանը հավատալը նշանակում է հասկանալ, որ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրն ունի իմաստություն եւ ձայն: Ինչպես մի անգամ ասել է Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը՝ իմ կարծիքով, ժողովրդավարության ամենանշանավոր ջատագովներից մեկը. «Մի վախեցեք»: Մենք չպետք է վախենանք մեր ժողովուրդներից, նույնիսկ երբ նրանք արտահայտում են տեսակետներ, որոնք տարբերվում են ղեկավարության կարծիքից»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը