06 11 2023

Ստացվում է, որ եթե այն ժամանակ պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈՒ զինծառայող, իսկ հիմա ոչ. արցախցի մայոր

Ստացվում է, որ եթե այն ժամանակ պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈՒ զինծառայող, իսկ հիմա ոչ. արցախցի մայոր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Հադրութից, Շուշիից և Արցախի այլ օկուպացված բնակավայրերից բռնի տեղահանված արցախցիները, որոնք ամիսներով չեն ստացել իրենց թոշակները:  Ակցիայի մասնակիցներից մի մասը տարիքային թոշակառուներն են, մյուսը՝ զինվորական թոշակառուներ, որոնք ուժային կառույցների երկարամյա ծառայության դիմաց ստացած թոշակները նույնպես չեն ստացել տևական ժամանակ: Պահեստազորի մայոր Արմեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում վրդովմունքն արտահայտելով ասաց. « Ստացվում է, որ եթե այն ժամանակ պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈՒ զինծառայող, իսկ հիմա ոչ»:

 Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերը կազմված էին Արցախի պաշտպանության բանակից և այն բանակային կորպուսներից, որոնք գտնվում են անմիջապնորեն ՀՀ ՊՆ-ի ղեկավարության ներքո. «Արցախի պաշտպանության բանակն, ըստ էության, կազմում էր Հայաստանի զինված ուժերի սիրտը, որովհետև ամենից մեծաքանակն էր, ամենամեծ ուշադրությունը ՊԲ-ի վրա էր»:

 «ՊԲ-ն հիմնական հարվածի ուղղության վրա էր, ամենավտանգված տեղամասն էր, դրա համար ՊԲ զինծառայող լինելը մի քիչ ավելի պատվաբեր էր համարվում: Հայաստանի բոլոր քաղաքացիները, որոնք իրենց ժամկետային ծառայությունն անցել են Արցախի ՊԲ-ում, իրենք իրենց ծառայության ժամկետն ավելի պատվով ու փառքով են նշում:  Հիմա եթե մենք մեր սպաների ծառայությունն արհամարհում ենք, հետագայում կարո՞ղ է օրենք հանեն եւ այդ զինվորների երկու տարվա ծառայությունը համարեն զրո:

Այսինքն համարվի, որ նրանք պարտադիր զինծառայություն չեն անցել, քանի որ դա անցել են Արցախի ՊԲ-ում… Այստեղ բոլորը պահեստազորի սպաներ են: Մենք հիմա բազում դժվարությունների առջեւ ենք՝ վարձու բնակարաններ, աշխատանքի փնտրտուք, երեխաների ուսում: Այս ամենը սոցիալական խնդիրներ են, բա մենք առնվազն 20-ամյա ծառայություն ենք անցել, որ հետագայում դրա դիմաց մեզ վարձատրեն: Ես ուսում եմ ստացել Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում, այնտեղ կնքել եմ պայմանագիր, որ այսքան ծառայության դիմաց անցնելու ես թոշակի: Ես իմ ծառայությունն անցել ու ավարտել եմ պատվով, կրթվել եմ պատվով: Հիմա մեր 20 տարվա ծառայությունը դարձել է զրո, ինչո՞ւ եք արհամարհում մեր ծառայությունը: Ստացվում է, որ եթե այն ժամանակ պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈՒ զինծառայող, իսկ հիմա ոչ»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ